Հայաստանի Հանրապետության Պատմության թանգարանում օրերս բացվեց «Դրամը Հայաստանում. ժամանակներ և հարաբերություններ» խորագիրը կրող ցուցադրությունը, որը նվիրված է ՀՀ ազգային արժույթի ստեղծման 30-ամյակին։ Բացառիկ նմուշներ, շուրջ 600 օրինակ…
Հայաստանի Կենտրոնական Բանկի աջակցությամբ բացված ժամանակավոր ցուցադրությանը ներկայացված են ազգային արժույթին վերաբերող էսքիզներ, հուշադրամներ և այլ իրեր տարբեր պատմական ժամանակաշրջաններից.«Այստեղ ներկայացված են հարյուրավոր նմուշներ, որոնք մեզ համար բացահայտելու են մեր պատմության կարևոր իրադարձությունները, «ժամանակներն ու հարաբերությունները»,-ասաց թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:
Բացման խոսքով ներկայացավ նաև ՀՀ ԿԲ-ի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը, որը, շնորհավորելով օրվա առթիվ, բացատրեց, թե ինչու էր կարևոր դրամի ստեղծումը։ «Անկախության ճանապարհին,- ասաց նա,- տնտեսապես անկախ լինելու համար առաջին քայլը, որ պետք է աներ պետությունը, ազգային արժույթի ներդրումն էր, որը տեղի ունեցավ 1993թ.-ի նոյեմբերի 22-ին` չնայած տնտեսական դժվար ժամանակաշրջանին»։
«Թեև դրամները քիչ ծավալ ունեն, բայց իրենց պատմությամբ և նշանակությամբ չեն զիջում մնացած մշակութային արժեքներին»,- իր խոսքում առանձնացրեց թանգարանի տնօրենը, որը նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք իրենց հավաքածուներից ցուցադրության համար տրամադրել էին օրինակներ։
Վերջում թանգարանի դրամագիտության բաժնի ղեկավար Ռուբեն Վարդանյանն ասաց, որ բացի ազգային արժույթի 30-ամյակից, կարելի է ասել, որ նշվում է նաև դրամի մոտ 2100-ամյակը, նկատի ունենալով Տիգրան Մեծի օրոք դրամների թողարկումը։
ՀեՂԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՀՊՄՀ Լրագրության բաժին