Երկրում հատուկ որոշումներ են կայացվում, որ փոքր և միջին բիզնեսը չխթանեն, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Այն ժամանակ ասում էին, եթե քաղաքապետը հող հատկացում է անում, երեք տեղ է պտտվում, հիմա 13 տեղ է պտտվում։ Տևում է երկու տարի, չորս տարի, որ շինթույլտվություն կամ տան, կամ չտան։ Այսինքն՝ երկրի ղեկավարությունը խոչընդոտ է հանդիսանում, որ իր երկիրը զարգանա. դրանից այն կողմ էլ ուրիշ բան չկա։ Գործարան չեք կառուցում, ասում եք՝ կառավարության գործը չի, շուկա չեք գտնում, փոքր ու միջին բիզնեսը չեք խտանում, ճանապարհը փակում եք։ Բա դուք ովքե՞ր եք, ինչի՞ համար եք եկել»,–ասաց նա։
Հարցին՝ ինչպե՞ս է կարողանում աշխատել ընդդիմադիր խմբակցությունների հետ, Ղուկասյաննը պատասխանեց՝ ինքը ներկայացնում է քաղաքի կարիքներից բխող խնդիրներ, դրանք քննարկվում են, հետո որոշում է կայացվում։
«Ժողովուրդը բոլորը տեսնում է, թե ով ոնց է քվեարկում, ասենք, քաղաքի օրվան, հիվանդանոցի կառուցմանը, աշխատավարձերի բարձրացմանը։ Եթե դեմ քվեարկեն, իրենց ռեյտինգը կդարձնի «պլենտուսից» ներքև։ Չնայած հիմա էլ ռեյտինգ չունեն, բայց ավելի խայտառակ կլինեն»։
Վարդան Ղուկասյանը համոզմունք հայտնեց՝ ցանկանում են «իր տակը փորել» և իրենից ազատվել։
«Միանշանակ, ո՞նց կարող է չլինի էդպիսի բան։ Հիմա, օրինակ, ես հողահատկացում եմ արել, մարդիկ բնակելիներ են կառուցել, կամ կենցաղսպասարկման օբյեկտներ են կառուցել։ Անցել է 10- 15 տարի, 1,5 տարի է՝ գնում-գալիս ենք, ու այստեղ գործ չկա։ Ստից շոու է, որ սարքել են, վերջում կտեսնեք»։
Ինչ վերաբերում է իր որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ հարուցված գործին, Վարդան Ղուկասյանը հարց հնչեցրեց.
«Ի՞նչ է արել որդիս որ… ի՞նչ է արել իմ որդին, մի հատ հլը հասկանանք՝ ինչ է արել։ Ասենք՝ գնացել է 2017-ին մասնավորից շենք է գնել, դա եղավ որ փողերի լվացո՞ւմ է։ Ցնդաբանություն է, հոգս պատճառել, դիտավորյալ նմանատիպ բաներ կարել, որ գնանք ասենք՝ մենք ձեր կողքին ենք, մենք ձեզ հետ կլինենք, մեր այս գործերը փակեք։ Մենք այդպիսի մարդ չենք»։