Դա կեղծիք է, ես նման բան չեմ ասել, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հերքելով օրերս հնչեցրած իր սկանդալային այն հայտարարությունը, որ Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան 4-5 հոգևորականներ մանկապիղծ են։
«Ես ասել եմ՝ ենթադրենք ինչ-որ X երկրում ենթադրենք ինչ-որ նմանատիպ բան ա լինում, և իշխանությունը պետք է նմանատիպ արարքների հետ կապված իր կարծիքը չասի՞։ Էդ մարդիկ անգրագետներ են։ Թող ինձ դատի տան. անգրագետ են։ Փաստերի ստուգման հարթակ գոյություն ունի, որը եզրակացություն է տվել, որ երկակի կարող է մեկնաբանվել։
Աշխարհում ամենահայտնի, ամենատարածված օրինակը, որ եղել է եկեղեցում, մանկապղծության օրինակն է եղել։ Եթե Կտրիճ Ներսիսյանն արժանապատվություն ունենար, կգնար։ Ուղղակի ինքն արժանապատվություն չունի, որ երեխայի հետ կապված ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում։ Ակնհայտ ա, որ ինքը խախտել ա իրենց հենց կանոնագիրքը»,- ասաց Սիմոնյանը։
Լրագրողի հարցին՝ չի՞ կարծում, որ դատախազությունը պետք է զբաղվի մանկապղծության մասին իր սկանդալային հայտարարությամբ, կամ այս մասով քրեական գործ չի՞ հարուցվել, ԱԺ նախագահը պատասխանեց.
«Ես ռուսերեն լեզվի դասատու չեմ։ Գնացեք… Եթե կա մարդ, որ մեծ-մեծ փրթում ա, խոսում ա, ֆեյսբուքներում դոշերն ա ծեծում… Ինչքան դուք դատարկ թեմաների աճպարարություններով զբաղվեք, էնքան ընդդիմությունը նույն տեղում դոփելու ա։
Իսկ եթե կա մարդ, որ իմ հայտարարության հետ կապված… ինչքա՞ն ժամանակ ա անցել. մի 15 օր արդեն անցել ա. բա ո՞ւր են էդ մարդիկ, ո՞ւր են էդ ՀԿ-ները մեծ-մեծ խոսացող։ Թող գնան մի հատ դիմում գրեն դատախազությունում։ Չեն հավատում դատախազությանը՝ միջազգային կառույցներին թող դիմեն։ Չեն հավատում միջազգային կառույցներին՝ հայց թող ներկայացնեն դատարան։ Որովհետև պրոբլեմը կայնում ա նրանում, որ դա անգրագիտություն ա»։
Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցներից մեկին ավելի վաղ տված հարցազրույցում Ալեն Սիմոյնանն ասել էր.
«Ենթադրենք՝ որևէ երկրում, եթե պարզվի, որ X անձը, որը բարձր պաշտոն է զբաղեցնում եկեղեցում, մանկապիղծ է, և եթե դրան արձագանքեն իրավապահ մարմինները, կամ որևէ քաղաքական գործիչ հանդես գա մանկապղծության կամ նմանատիպ բանի քննադատությամբ, դա հարձակո՞ւմ կլինի եկեղեցու վրա։ Չի՛ կարելի թաքնվել այս սև փարաջայի տակ և մտածել, որ դա ինդուլգենցիա է, և կարելի է անել այն, ինչ ուզում ես, իսկ երբ քո հետևից գան, դու կասես, որ դա հարձակում է եկեղեցու վրա»։
Լրագրողը հետաքրքրվել էր՝ ո՞ւմ նկատի ունի Ալեն Սիմոնյանը։ «Դե, կան բարձրաստիճան, ոչ շատ, մի քանի, ենթադրենք, չորս-հինգ հոգի՝ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք ահա թաղվել են այդպիսի իրավիճակներում։ Բացի այդ, կա նաև փաստաթուղթ, որը հաստատում է, որ ներկայիս անձի (կաթողիկոս Գարեգին Բ-ի-խմբ․) հարազատ եղբայրն աշխատել է, այսինքն՝ տեղեկանք կա, որտեղ նա ստորագրել է՝ աշխատելու Ռուսաստանի արտաքին հետախուզության հետ և այլն»,-հայտարարել էր Սիմոնյանը։








