Անկախ նրանից՝ կառավարությունն ինչ աջակցություն է ցուցաբերում, սա բիզնես է, եւ յուրաքանչյուր ներդրող պետք է հասկանա, որ իր բիզնեսի պատասխանատուն ինքն է: Այս մասին, այսօր կառավարության նիստում սպանդանոցների գործունեության վերաբերյալ հերթական ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես հիմա կռահում եմ, որ մենք այդպիսի դեպքեր էլ ենք ունենալու, գնալու ենք մարզեր, մեկ էլ տենալու ենք, որ սիրուն, ներկած շրջիկ սպանդանոցը դրած, մի քաղաքացի տխուր դեմը կանգնած է եւ սպասում է մեզ: Գնալու ենք ասելու ենք՝ ի՞նչ կա, ասելու է՝ չի աշխատում, պահանջարկ չկա: Մենք բացատրելու ենք՝ եղբայր, դա քո բիզնեսն է, մենք ինչով ասես աջակցել ենք: Բիզնեսի հետագա եկամտաբերություն ապահովելը քո խնդիրն է: Դու այնպիսի ծառայություն պետք է առաջարկես, որ գյուղացին գա: Մարդկանց թվում է, որ եթե մենք աջակցության ծրագիր ենք անում, փողը տալիս ենք, քիչ է մնում ասեն՝ եկեք իմ սպանդանոցը աշխատացրեք, ես էլ տանն եմ, երբ պետք է, եկեք իմ եկամուտը տվեք ինձ, գնացեք ձեր գործերով: Սա հետաքրքիր մտածողություն է»,-ասաց Փաշինյանը:
Նա կրկնեց, որ բիզնեսը ռիսկ է եւ դա բացառապես բիզնես անողի ռիսկն է. «Մեկին թվում է, որ եթե ինքը բիզնես ստեղծեց ու սնանկացավ, կառավարությունն է մեղավոր: բայց որ բիզնես է ստեղծում ու միլիոններ է աշխատում, ոչ մեկը չի ասում՝ կառավարություն ջան,. Շնորհակալություն: Մենք չենք էլ ուզում, եթե հարկերը տալիս է, դա շնորհակալության ամենալավ ձեւն է»:
Infoport