«Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանը հայտարարել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն իր նշանակած անձնագրային բաժանմունքի պետերի միջոցով հայկական անձնագրեր է բաժանել ազգությամբ ադրբեջանցիների, ինչպես նաև հայտնել էր, թե 2018թ.-ին ՀՀ-ում իրականացված հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները թուրքերից և ադրբեջանցիներից 48 միլիոն դոլար են ստացել, որի վերաբերյալ իբր ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվել և քրեական գործ է հարուցվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԾ-ն:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Գ. Իսաղուլյանի հայտարարությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում վերը նշված հանգամանքները հերքվել են, և 2020թ. դեկտեմբերի 4-ին քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Նկատի ունենալով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնաբերվել են առերևույթ սուտ մատնություն կատարելու հատկանիշներ, ուստի դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: