ԿԳՄՍՆ նոր պահանջն ամենամեծ մարտահրավերն է բուհերի համար, քանի որ եթե բուհը չունենա 4000 ուսանող, այն չի լիցենզավորվի։ Բայց չեմ կարծում, որ կրթության որակը պետք է պայմանավորված լինի ուսանողների թվաքանակով, «4000 ուսանողի շեմը կորոշի բուհի ճակատագիրը․ բարձրագույն կրթության նոր օրինագծի հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ներկայացուցիչ Գոհար Նշանյանը։
«Գիտենք, որ միշտ էլ արվեստի ճյուղերով զբաղվել են ոչ բոլորը, որովհետև դա շարունակական կրթություն է, որն սկիզբ է առնում մանկուց։ Ես այստեղ մեծ խնդիր եմ տեսնում. այս պահանջը բացառում է Կանսերվատորիայի գոյությունը»,- ասաց նա։
Քննարկմանը ներկա կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նախ ճշգրտեց՝ նոր պահանջը չի վերաբերում բուհի՝ 4000 ուսանող ունենալու պահանջին, այլ ենթադրում է, որ տվյալ բուհը պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում իրականացնելու 4000 ուսանողի կրթություն։
«Իսկ ուսանողների թիվը 2 հազարն է. եթե բուհը 3 տարի անընդմեջ չի ապահովում 2 հազար ուսանողի շեմը, այդ ժամանակ կարող է լիցենզիա չստանալ։ Մեկ բան ակնհայտ է՝ Հայաստանը գնում է բուհերի խոշորացման ճանապարհով՝ չցանկանալով ունենալ փոքր բուհեր»,- նկատեց բանախոսը՝ շեշտելով, որ նոր պահանջը հարվածի տակ է դնելու հատկապես մասնավոր բուհերը։
Ըստ Խաչատրյանի՝ արվեստի բուհերի խնդիրը ևս այս պահին ակնհայտ է. դրանք դառնում են կլաստեր, և ըստ ԿԳՄՍՆ-ի՝ արվեստի 3 բուհերը պետք է միավորվեն։
«Եթե կա արվեստի կլաստեր, այն վերաբերելու է Կոնսերվատորիային, Գեղարվեստի ակադեմիային, Կինոյի և թատրոնի ինստիտուտին»,- ասաց Սերոբ Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ կրթության զարգացման պետական ծրագրով 2026 թվականին Հայաստանում լինելու 16, իսկ 2027-ին՝ արդեն 8 պետական բուհ, այն է՝ տեղի է ունենալու բուհերի միավորում։
Անդրադառնալով Ակադեմիական քաղաքի կոնցեպտին՝ բանախոսն այն խսիտ ռիսկային որակեց, քանի որ նախ խոսքը դրա կառուցման համար անհրաժեշտ միլիարդավոր դոլարների մասին է։
«Ես չգիտեմ՝ այդ գումարները պարտքո՞վ ենք վերցնելու։ Ենթադրում եմ՝ պարտքով ինչ-որ բաներ կկառուցեն, բայց սա այնքան մեծ փողեր պահանջող ծրագիր է, որ չգիտեմ՝ ինչքան կդիմանա մեր պետությունն այս մարտահրավերին։ Ընդհանուր առմամբ, այստեղ բիզնես մտածողությունն է՝ խոշորացնենք բուհերը, կրճատենք բուհերի դասախոսներին և վարչական աշխատողներին, այդ գումարներով կառուցենք Ակադեմիական քաղաք, և ինչ էլ որ մնա՝ բարձրացնենք դասախոսների աշխատավարձերը»,- ասաց Սերոբ Խաչատրյանը։
Կրթության փորձագետի խոսքով՝ մանավանդ արվեստի բուհերն իրենց պատմությունն ունեն, դրանք Երևանի կոլորիտն են, դիմագիծը։
«Դրա ահամար եմ ասում՝ բուհը գործարան չէ։ Կրթության ոլորտում սիմվոլիկաները շատ կարևոր են, և ինձ համար հատկապես Կոնսերվատորիան հոյակապ կլաստեր է։ Աշխարհի բոլոր խոշոր քաղաքներում կան համալսարաններ, և Ակադեմիական քաղաքի ծրագիրը ես նույնիսկ համարում եմ գետտոյացում, որովհետև բոլոր բուհերին տանում ենք մեկ տեղ»,- ասաց կրթության փորձագետը։