Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան էջում պատմել է Բեյրութում տիրող իրավիճակի մասին: Նա կապ է հաստատել Լիբանանի հայ համայնքի հոգևոր, կրթական, առողջապահական, բարեգործական, լրատվական տասնյակ կառույցների ներկայացուցիչների և ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ, կատարել Բեյրութում իրավիճակի ու կարիքների նախնական գնահատում: Ըստ համայնքից ստացված տեղեկատվության՝ այժմ համայնքում առկա են հետևյալ առաջնային կարիքները՝ դեղորայքի տրամադրման կամ գնման օգնություն (հատկապես՝ քրոնիկական հիվանդություն ունեցողների համար), առաջնային անհրաժեշտության սնունդ և ջուր, հայահոծ թաղամասերում բնակարանների, խանութների, եկեղեցիների, հանրային կենտրոնների վերանորոգման ֆինանսական աջակցություն, հայրենադարձվել ցանկացողների վերադարձի գործընթացի հեշտացում և աջակցություն:
Համայնքային ներկայացուցիչները երկրորդային կարիք են մատնանշել համայնքին հոգեբանական աջակցության տրամադրումը:
Համայնքային գործիչներն ընդգծել են նաև, որ իրենք ևս անցկացնում են կարիքների գնահատում, և վերջնական վերլուծության համար անհրաժեշտ է որոշ ժամանակ:
«Այսօր երեկոյան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ տեղի է ունենալու հավաք համայնքային ղեկավարների հետ, որի ընթացքում կքննարկվեն հենց այս հարցերը:
Արամ Ա կաթողիկոսի և հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լիբանանում և հայ համայնքի շրջանում ընդհանուր իրավիճակը, խոսվել է զոհերի և վիրավորների մասին: Այժմ ջանքերն ուղղված են իրավիճակը ճիշտ գնահատելու ուղղությամբ, որը թույլ կտա աջակցությունը դարձնել ավելի թիրախային: Արամ Ա-ի հետ մշտական կապի մեջ եմ համակարգային ձևով աշխատելու համար:
Կարիքների հիման վրա մեր գրասենյակի կողմից կատարված վերլուծությամբ՝ կառաջարկվեն աջակցության ընթացիկ ուղիներ:
Վարչապետի և այլ գերատեղչությունների հետ քննարկում ենք ՀՀ հետագա քայլերի ողջ համալիրը:
Ցավոք, այս պահին ունենք ընդհուպ 11 զոհ, մի քանի տասնյակ վիրավորներ: Այս թվերը վերջնական չեն»,- տեղեկացնում է Զարեհ Սինանյանը: