Բաքվում ԿԽՄԿ ներկայացուցչության փակումը հայ գերիների համար նշանակելու է արտաքին աշխարհի հետ որևէ տեսակի կապի բացառում, մյուս կողմից էլ՝ հայ հանրությանն առավել նվաստացուցիչ, ստորացված վիճակում հայտնվել. նման որոշումը չի վերաբերելու միայն առևանգված և Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիներին. այն վերաբերելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, որովհետև անմիջականորեն առնչվելու է ամեն մեկիս ազգային արժանապատվությանը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
«Ադրբեջանում արդարադատության, ներքին վերահսկողության մասին խոսել առհասարակ հնարավոր չէ, որովհետև այդ երկրում հասանելի և որակյալ արդարադատությունն անգամ Ադրբեջանի քաղաքացիների համար հասանելի չէ։ Եվ սա չեն ասում հայերը, որովհետև տարաձայնություններ ունեն. սա տասնամյակներ շարունակ ասում են բոլոր միջազգային կառույցները։ Եթե սրան գումարվում է նաև երկրի ղեկավարի ատելության խոսքը, որը տարածվում է ամենօրյա ռեժիմով, և ադրբեջանական ամբողջ հասարակությունն է հիվանդ հայերի նկատմամբ ատելությամբ, ապա ակնկալել, որ որևէ արդյունավետ վերահսկողություն կարող է լինել, ուղղակի միամտություն է։
Անշուշտ, Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակը փակելը պատահականություն չէ, որովհետև այն արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և վերահսկողության սահմանելու միակ հնարավորությունն էր, որովհետև մնացած բոլոր հնարավորությունները, ցավոք սրտի, իրականության հետ աղերս չունեն»,- ասաց իրավապաշտպանը։
Ըստ Նինա Կարապետյանցի՝ Բաքվում ապօրինի պահվող գերիների նկատմամբ վերահսկողություն սահմանել կամ այցեր ունենալ կարող էին նաև օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչները, բայց անգամ ամենաժողովրդավար երկրների ներկայացուցչությունները Բաքու մուտք գործելուն պես դառնում են Ադրբեջանի սատելիտը, չեն դիմանում սև խավիարի, ցոփ ու շվայտ կյանքի գայթակղությանը՝ չկարողանալով անաչառ իրականացնել իրենց գործառույթները։
«Ես հասկանում եմ, որ ամբողջ աշխարհն այժմ լուրջ խնդիրների առջև է կանգնած, և յուրաքանչյուրը փորձում է իր գոյության և անվտանգության հարցերը լուծել, բայց աշխարհը պետք է զուգահեռաբար հասկանա, որ 44-օրյա պատերազմի ընթացքում դրսևորված իր անտարբերությունը հետագայում դարձավ ռուս-ուկրաինական պատերազմ։
Եվ եթե այսօր միջազգային հանրությունն աչք փակի ՀՀ քաղաքացիների նկատմամբ նման անմարդկային վերաբերմունքի վրա և կուլ տա Բաքվում ԿԽՄԿ գրասենյակի անխոչնդոտ փակումը, պետք է հասկանա, որ վաղը կարող է հայտնվել մեկ այլ բռնապետ, որն իր նկատմամբ նմանատիպ գործողություններ կկատարի։
Ցավոք, մինչև խնդիրը չի թակում միջազգային հանրության դուռը, նույն այդ միջազգային հանրությունն ի վիճակի չի լինում գնահատել պահի լրջությունը»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական աղբյուրների՝ Բաքուն ԿԽՄԿ-ին ծանուցել է կառույցի գործունեությունը դադարեցնելու մասին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի մասնագետ Օրելի Լաշանը APA-ին ասել է, որ Ադրբեջանի կառավարությունն իրենց տեղեկացրել է Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին։