Ադրբեջանն այսօր կրկին ցուցադրում է իր արհամարհանքը արդարադատության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ՝ կազմակերպելով այս շինծու դատավարությունն Արցախի ղեկավարների դեմ: Զազրելի այս ներկայացումը Բաքվի հերթական գործողությունն է՝ ջնջելու հայերի մշակութային և պատմական ներկայությունը մի երկրամասից, որը նրանց անքակտ հայրենիքն է եղել հազարամյակներով։ Սա նաև միջազգային հանրության անգործության ու, որ առավել պախարակելի է, Արցախի ողբերգական անկման մեջ Հայաստանի կառավարության հանցակցության վկայությունն է:
Այս դատավարությունը մեկուսի դեպք չէ: Այն Բաքվի՝ էթնիկ զտումների ծրագրված արշավի գագաթնակետն է: Ավելի քան մեկ տարի առաջ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց 120,000 հայերին, որին նախորդեց երկրամասի իննամսյա անմարդկային շրջափակումն ու սովահար ժողովրդի վրա ռազմական հարձակումը: Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը սկսել է հողին հավասարեցրել հայկական մշակութային հուշարձանները, պղծել գերեզմանոցները և փորձել վերաշարադրել պատմությունը՝ ջնջելով տարածաշրջանի հայկական ինքնությունը:
Ադրբեջանը, սակայն, վակուումում չի գործում: Նրա ագրեսիան հնարավոր է դարձել միջազգային հանրության քար լռության, մեծ տերությունների ամոթալի պասիվության արդյունքում: «Մտահոգության» մասին հայտարարությունները իմաստալից գործողություններ չեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք ժամանակին հանձնառու էին խաղաղության բանակցությունների համար, հեռացել են իրենց պարտավորություններից՝ թողնելով, որ Ադրբեջանը հանգիստ և անպատժելի ոտնահարի միջազգային նորմերը:
Նույնքան մեղավոր է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի մեղսակցությունը խարան է հայ ժողովրդի համար: Փաշինյանի կառավարությունը շարունակ ձախողել է Արցախի ժողովրդին պաշտպանելու գործը: Նրա վարչակազմի անպատրաստությունը, դիվանագիտական ներգրավման մերժումը և միջազգային հանրությանը համախմբելու ձախողումը արձակել են Ադրբեջանի սանձերը: Փաշինյանը լուռ է, երբ հայ ընտանիքները սգում են հայրենիքի կորստի ու իրենց ղեկավարների գերության համար։ Նրա անգործությունը խայտառակություն է Հայաստանի համար և դավաճանություն սեփական ժողովրդի գոյատևման հանդեպ:
Միջազգային հանրությունը պետք է առերեսվի իր անտարբերության հետևանքներին: Ադրբեջանի գործողություններն անպատասխան թողնելը վտանգավոր նախադեպ է: Այն ազդակ է, որ անպատժելիորեն կարելի է էթնիկ զտումներ անել, որ միջազգային իրավունքը կարող է անհետևանք ոտնահարվել, որ արդարությունը դատարկ բառ է…
Այս պահը նաև ինքնաքննադատություն է պահանջում հայ ժողովրդից և նրա կառավարությունից: Փաշինյանի անգործությունը չի կարող մոռացվել կամ ներվել: Հայ ազգը պետք է պահանջի ղեկավարություն, որը կսանձի ագրեսիան, կպաշտպանի իր ժողովրդին և կվերականգնի սեփական արժանապատվությունը միջազգային ասպարեզում:
Բաքվի դատավարությունները ոչ միայն հարձակում են հայ ժողովրդի դեմ. դրանք փորձություն են արդարադատության և մարդու իրավունքների համամարդկային հանձնառությունների համար: Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի:
Ժամանակն է կանգնել հայ ժողովրդի կողքին՝ հանուն արդարության, ճշմարտության և այն սկզբունքների, որոնք կապում են մեզ բոլորիս որպես մարդ արարած:
Վարդան Օսկանյան
ՀՀ նախկին ԱԳ նախարար