Մեր նախաձեռնությունը մեկ ամսական է, և շատ կարևոր է հասկանալ՝ իսկ ինչ է փոխվել այս ժամանակահատվածում։ Մենք ունեինք երկու հիմնական ուղղություն մեր գործունեության առումով. առաջինը՝ աշխատել որպես կոմունիկատորներ, այսինքն՝ խաղաղության և հակամարտության հաղթահարման առումով և գործընթացում առկա գաղափարները հնարավորինս փոխանցել մեր ադրբեջանցի գործընկերներին և պաշտոնական կառույցներին։ Այս մասին այսօրկայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց օրերս Բաքվից վերադարձած Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
«Նույն նպատակը, ենթադրում եմ, ունեին նաև մեր ադրբեջանցի գործընկերները։ Եվ մեզ համար կարևոր էր համոզվել, որ մեր միջև որոշակի փոխըմբռնումը հասնում է նաև վերևներին։ Եթե երևանյան հանդիպման ժամանակ մենք համոզվեցինք, որ մենք իրար հասկանում ենք, Բաքվի այցելության ընթացքում մենք համոզվեցինք, որ ինչ որ մենք խոսում ենք, տեղ է հասնում՝ անկախ նրանից թե ինչպիսի արձագանք է գտնում։
Կան հարցեր, որտեղ արձագանքը ակնհայտ է և դրական է, կան հարցեր, որոնք ընթացքում են, և միգուցե կան հարցեր, որտեղ մենք համաձայնության չենք հասնում։ Դա բնական է այնպիսի բարդ գործընթացում, ինչպիսին հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացումն է։
Նշեմ այն ուղղությունները, որտեղ մենք ակնհայտորեն հասել ենք փոխըմբռնման։ Առաջինն այն է, որ այս կարգավորման գործընթացում ներգրավելու է Ադրբեջանում և Հայաստանում փորձագիտական հանրությունում առկա ռեսուրսը։ Այսինքն՝ լինելու են տարբեր ձևաչափեր, տարբեր միջոցառումներ, որտեղ այդ թվում՝ նաև անկախ, այդ թվում նաև այլ կարծիք ունեցող փորձագետները ներգրավվելու են և հնարավորություն են ունենալու ներկայացնել իրենց առաջարկները և պատկերացումները։
Երկրորդը մեդիա ոլորտն է։ Մեզ համար անհրաժեշտ է, որպեսզի լրատվամիջոցները և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում հնարավորինս նպաստեն կարգավորման գործընթացին։ Դա չի նշանակում, որ իրենք պիտի ինչ-որ խնդիրներից խուսափեն։ Ո՛չ։ Բոլոր խնդիրները պետք է հնարավորինս ինտենսիվ պետք է ներկայացվեն, բայց կարևոր է, որպեսզի չլինի իրողությունների խեղաթուրում, քանի որ դա հիվանդագին ինչ-որ ուղերձներ է հաղորդում ամբողջ գործընթացին և միայն խանգարում է դրան։
Այդ առումով մենք, բնականաբար, քննարկել ենք, թե ինչպես կարող ենք անել և դա արվելու է անպայման, և մենք ակտիվորեն աշխատելու ենք լրատվամիջոցների հետ»,- նշեց Բորիս Նավասարդյանը։
Եվս մեկ ուղղություն, ըստ բանախոսի, որի շուրջ համաձայնության են եկել, այն է, որ 5 + 5-ը չի մնալու 5 + 5։
«Ընդարձակվելու է ֆորմատը, ներգրավելու են բոլոր այն մարդիկ, որոնք ունեն կառուցողական, կրեատիվ գաղափարներ, և այն օրակարգը, որը կա այսօր նաև պաշտոնական մակարդակով, ևս ընդարձակվելու է՝ մեր աջակցությամբ։ Մենք շատ լավ հասկանում ենք՝ այն սահմանափակ ժամանակը, որը տրամադրվում է բանակցություններին, բավարար չէ, որպեսզի ամեն մի հարցին բավարար ուշադրություն դարձվի։
Դրա համար անհրաժեշտ է փորձագետների ներգրավում, դրա համար անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավումը, և մենք, որպես այս նախաձեռնության նախաձեռնողներ, դրան առավելագույնս նպաստելու ենք։ Կարծում եմ, արդեն մոտակա ամիսների ընթացքում դուք այդ ուղղությամբ կտեսնեք շատ լուրջ զարգացումներ.,–ասաց նա։





