Ըստ վիճակագրության՝ Ադրբեջանն իրավական գործընթացներում շատ ավելի շատ է պարտվել, քան Հայաստանը, դրա համար էլ այդ երկիրը խուսափում է իրավական գործընթացներից և պահանջում է Հայաստանից հետ վերցնել դիմումները։ Հենց պատերազմում տարած հաղթնակի պատճառով է Ադրբեջանը փորձում հենց ռազմաքաղաքական ճանապարհով հասնել իր նպատակին։ «Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
«Կառավարությունը շատ դեպքում չի կարող խոսել կամ անել այն, ինչ մասնավորը, բայց ես մասնավոր խմբերի կողմից չեմ տեսնում այն ակտիվությունը, ինչը պետք է լիներ։ Դա առաջին հերթին կարող է լինել ռեսուրսների, երկրորդ հերթին՝ ցանկության պատճառով։ Մինչ այժմ կառավարության արածը ես գնահատում եմ լավ, բայց կառավարութունը չի կարող անել այն, ինչ կարող են անել մասնավոր խմբերը, որովհետև կառավարությանը պակասում է անաչառությունը։ Եթե մենք այս բացը լրացնենք, ճնշումն Ադրբեջանի վրա է՛լ ավելի մեծ կլինի»,- ասաց Արա Ղազարյանը։
Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ակտիվություն չի նկատվում նաև սփյուռքում. «Հավաքական ակտիվությունն այն չէ, ինչ պետք է լիներ»,- ասաց նա։
Քննարկմանը ներկա «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանն իր հերթին նկատեց՝ նախորդ տարվա սեպտեմբերից Բաքվի բանտերում գտնվող 23 գերիների զգալի մասին պահում են վրեժխնդրությունից դրդված։
«Ադրբեջանը միջազգային հարթակներում շարունակում է պնդել, որ Արցախը, որպես պետություն, ինչպես նաև ՊԲ-ն, ահաբեկչական ապօրինի կազմավորումներ են, ուստի պաշտոնատար անձնաց ահաբեկչության մասով է մեղադրանք առաջադրվել»,- ասաց բանախոսը։
Արա Ղազարյաննը հավելեց՝ Ադրբեջանն ստեղծում է հերթական հակակշիռը՝ փորձելով ստեղծել հայելային էֆեկտ՝ հայկական կողմին մեղադրելով ահաբեկչության մեջ, սակայն ճնշումների արդյունքում ձեռք բերված ցուցմունքները միջազգային ատյաններում հօդս են ցնդելու. պատճառն այն է, որ դրանց հիմքում ռասիզմը, խտրականությունն ու ատելությունն են հայերի նկատմամբ։
«Նույնն է «Արևմտյան Ադրբեջան» հորինած հակակշիռ թեզը, որը հորինվեց, որպեսզի հայերի՝ «պատմական հայրենիք» հասկացությանը հակադրի «հայրենիք» հասկացությունը՝ իր նպատակներին հասնելու տեսական հիմքեր ստեղծելու համար»,- ամփոփեց բանախոսը։