Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բաց տեքստով ասել է՝ պատվաստանյութն է բնականոն կյանքին վերադառնալու, առանց դիմակի ապրելու միակ ելքը: Անմեղսունակ. այսպես է անվանել նրանց, ովքեր պատվաստանյութի վնասակարության մասին հայտարարություններ են անում:
Առհասարակ, պատվաստանյութերը տարիներով են փորձարկվում, իսկ նախարարն ասում է, որ նորագույն տեխնոլոգիաների մեր ժամանակներում դրա կարիքը չկա: Կարևոր են հետևյալ նախապայմանները՝ որքանո՞վ է պատվաստանյութն ապահովում հակամարմնի առկայությունը, համաճարակի ցուցանիշները որքանո՞վ է նվազեցնում:
Նախարարը նորից է կարևորել Հայաստանի բանակցությունները պատվաստանյութ արտադրող կամ պատվաստանյութերի մեծ չափաբաժիններ գնող կառույցների՝ ԱՀԿ-ի, ԳԱՎԻ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, որպեսզի մենք էլ ժամանակին պատվաստանյութ ունենանք:
Նա նշել է, որ, օրինակ, Մեծ Բրիտանիան արդեն 500 միլիոն ֆունտի 60 միլիոն չափաբաժին պատվաստանյութ է գնել: Նման դեպքերը շատ են, երբ պատվաստանյութը դեռ արտադրված չէ, իսկ պետությունները նախապես վճարում են՝ այն գնելու համար: Որքան էլ Առողջապահության նախարարն անմեղսունակ անվանի նրանց, ովքեր կասկածի տակ են առնում պատվաստանյութերի անվնաս լինելը, գոյություն ունեն մասնագիտական ուսումնասիրություններ: Ի վերջո, անգամ ԱՀԿ-ի մասնագետները դեռևս 2018-ի դեկտեմբերի 2-ի սամիթի ժամանակ մոլեկուլյար կենսաբանները, պորֆեսորներն են հայտարարել՝ վստահ չեն, թե պատվաստանյութերն անվնաս են:
Բայց եթե առողջապահական համակարգի պատասխանատուն հայտարարում է, որ պատվաստանյութն է կյանքեր փրկող, բնականոն կյանքին վերադառնալու միակ միջոցը, նշանակում է հեռու չէ այն օրը, երբ անտեսելով այլակարծությունը՝ պատվաստանյութի նկատմամբ կասկածները, մահացության, հաշմանդամության պատճառ դառնալու հետազոտությունները, միջոցներ կձեռնարկվեն համատարած բոլորին ստիպելու պատվաստվել: