Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակիչում կրած պարտությունից հետո հրաժարվել է պարգևատրման արարողության ժամանակ արծաթե մեդալը կախել իր պարանոցին:
«Հաղթելու համար պետք է լինել Ռուսաստանից»,- գոտեմարտից հետո ասել է գյումրեցի ըմբիշը լրագրողների համար նախատեսված խառը գոտով անցնելիս, փոխանցում է Sportbox-ը:
Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 1:5 հաշվով պարտվել էր աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 28-ամյա ռուսաստանցի Մուսա Եվլոևին: Հենց մեկնարկում զգացվեց, որ Հայաստանի ներկայացուցիչը նախորդ գոտեմարտում ստացած ձախ ոտքի մկանային վնասվածքից ցավի զգացում ունի:
Տոկիո-2020-ում Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուժուպբեկովի նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակով, իսկ երկրորդ գոտեմարտում 5:1 հաշվով ուժեղ էր գտնվել ֆինն Արվի Սավոլայնենից: Կիսաեզրափակիչում նա 4։1 հաշվով հաղթել էր իրանցի Մոհամադհադի Սարավիին, որի դեմ գոտեմարտի վերջնամասում ստացել էր ոտքի մկանային վնասվածք:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Տոկիո-2020-ում ելույթն ավարտեց 1 արծաթե մեդալով: Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էին կրել քառորդ եզրափակիչում և լքել պայքարը, իսկ Կարապետ Չալյանը (77 կգ) պարտվել էր բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա 2 մասնակից՝ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ):
Ֆոտո՝ Reuters