Առողջապահության փոխնախարարը այսպեսասած «ռիլով» ծաղրում է բժիշկներին, հետո՝ կամ հուշում են, կամ ինքն է ավելի ուշ հասկանում արածը, ու ջնջում տեսանյութը, թեև այն արդեն տարածված է ցանցերում:
Այստեղ կարևոր եմ դիտարկում երկու հանգամանքի հանդեպ ուշադրությունը:
Նախ, փաստացի սա վկայում է այն անկաշկանդ ամենաթողության մասին, որ այսպես կոչված «սոցցանցային» կյանքում ունեն պետական բարձրաստիճան պաշտոնյաները: Հակառակ պարագայում, նրանք ոչ թե կանեն՝ հետո կհեռացնեն, այլ տասը անգամ կմտածեն՝ մինչեւ որեւէ խոսք ասելը կամ որեւէ կադր նկարելը: Բայց, ըստ երեւույթին բոլորին տրված է կամ սոցցանցային անսանձ ակտիվության քարտ-բլանշ՝ բարձրագույն մակարդակով, կամ համակարգում այն աստիճան անպատասխանատվության մթնոլորտ է, որ ցանկացածը կանի այն, ինչ մտքով անցնի: Սա ըստ էության նշանակում է, որ Հայաստանում իսպառ բացակայում է պետական պաշտոնյայի վարքականոնի նվազագույն մշակույթ անգամ: Թեև, սա զարմանալի չէ, եթե դիտարկում ենք բարձրագույն պաշտոնյայի քաղաքական վարքագիծն ու բառամթերքը թե սոցցանցում, թե դրանից դուրս:
Ուշադրության արժանի մյուս հանգամանքը հետեւյալն է. բժշկական համքարությունը կունենա՞ բավարար կազմակերպվածության մակարդակ, անսաննձ պաշտոնյայի պաշտոնանկության հասնելու համար: Իհարկե ամենեւին միամիտ պետք չէ լինել, մտածելու համար, թե նրա փոխարեն նշանակվելու է որակապես եւ աշխարհայացքով որեւէ այլ մեկը: Բայց այստեղ նաեւ մասնագիտական արժանապատվության հարց է, իմ սուբյեկտիվ գնահատմամբ:
Բայց, բնականաբար նաեւ ոլորտի մասնագետների ինքնակազմակերպման մակարդակի հարց: Իսկ այդ առումով, Հայաստանում իհարկե կան լրջագույն բացեր բոլոր ոլորտներում: Այսպես ասած քաղաքակիրթ աշխարհում այդ հարցերը լուծվում են օրինակ արհմիությունների մեխանիզմի առկայությամբ: Սակայն գիտենք, որ Հայաստանում մեծ հաշվով բացակայում է այդ մեխանիզմի լայն առկայությունը: Ի դեպ, սա թերեւս պետք է լինի Հայաստանի համակարգային արդիականացման օրակարգի կարեւոր կետերից:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան





