Մենք որևէ առանձին բուհերի միավորման հարց չենք քննարկում, այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Բրյուսովի, Մանկակավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի միավորման որոշումից հետո հարցը կարծես առկախված է մնացել:
«Կրթության զարգացման պետական ծրագրով ինչպես սահմանված է, մեզ համար կարևոր բարեփոխման ուղղություն է բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման գործընթացը: Մենք դրան շատ լուրջ ենք վերաբերում։ Արդեն 2024 թվականի մարտից ձևավորված են աշխատանքային խմբեր, որտեղ ներառված են բոլոր շահագրգիռ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչները:
Մենք գնացել ենք այն ճանապարհով, որ յուրաքանչյուր ուղղության համար ներգրավենք նաև միջազգային հեղինակավոր համալսարան, և այս պահին երեք գործընկեր համալսարան ունենք՝ ամեն ուղղության համար: Լոնդոնի արվեստների համալսարան՝ արվեստների ուղղության, կրթության ուղղությամբ Լոնդոնի համալսարանական քոլեջն է և տեխնոլոգիական ուղղությամբ Յունֆենի տեխնիկական համալսարանն է: Մենք որևէ առանձին բուհերի միավորման ծրագիր, որոշման նախագիծ չենք քննարկում և չենք քննարկելու, որովհետև սա մեզ համար ամբողջական բարեփոխման պրոցես է»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով ակադեմիական քաղաքի թեմային՝Ժաննա Անդրեասյանը նկատեց, որ այն շատ խոշոր ծրագիր է և բնականաբար պահանջելու է ֆինանսական լուրջ ներդրումներ։
«Այս պահին նաև ակադեմիական քաղաք ծրագրի ներդրումային ծրագիրն է կազմվում, որը հնարավորություն է տալիս տալու նաև գործընկերներ ներգրավել տարբեր ուղղություններով։ Պետք է ասեմ, որ շատ մեծ հետաքրքրվածություն կա, և մենք այս բոլոր աշխատանքներին շատ լուրջ ենք վերաբերում: Օրինակ՝ նույն ներդրումային ծրագրի մշակման համար նույնպես խորհրդատվական փորձառու կազմակերպության հետ կաշխատենք, որպեսզի թե՛ ֆինանսական գնահատականների տեսանկյունից, թե՛ տնտեսական արդյունավետության տեսանկյունից ունենանք հստակ միջազգային ստանդարտներին համապատասխան գնահատական, որն էլ թույլ կտա վստահելի գործընկերների ներգրավմամբ ծրագրի ամբողջական իրականացումը առաջ տանել»,- ամփոփեց Անդրեասյանը։