Ամերիկյան «Բրաուն Մոսթեն» մրցույթի դեբյուտը՝ Հայաստանում
Երեւանում առաջին անգամ անցկացվել է «Իրավաբանական խորհրդատվության 2023-2024» «Բրաուն Մոսթեն» միջազգային մրցույթի ազգային փուլը։
Հաղթող թիմի անդամները՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Նարե Նիկողոսյանը եւ Լուսինե Վարդանյանը, ապրիլին կմեկնեն Լեհաստան՝ Հայաստանը ներկայացնելով մրցույթի միջազգային փուլում։
«Բրաուն Մոսթեն» մրցույթի նպատակն է փորձարարական ուսուցման մեջ ներգրավել իրավաբանական կրթություն ստացող ուսանողներին եւ զարգացնել նրանց՝ հարցազրույց վարելու հմտությունները։
Նշենք, որ «Բրաուն Մոսթեն» միջազգային մրցույթ առաջին անգամ կազմակերպել է ամերիկացի փաստաբան Լուի Մոսթեն Բրաունը 1969-ին։ Ավելի ուշ՝ 1972-ին, իրավաբանական խորհրդատվություն ենթադրող ստուգատեսը պաշտոնապես հաստատվել է նաեւ Ամերիկյան «Իրավաբանների ասոցիացիա»-ի» կողմից։ 1985-ին այն դարձել է միջազգային մրցույթ։ 1993-ին, ի պատիվ մրցույթի հեղինակի, անվանակոչվել է Բրաունի անունով։
Հայաստանում անցկացված «Բրաուն Մոսթեն» ստուգատեսին մասնակցել են Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան առաքելության փոխտնօրեն Ռեբեքա Ուայթն ու Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Ռեբեքա Ուայթը հայ երիտասարդներին մաղթել է հաջողություն՝ մրցույթի միջազգային փուլին մասնակցելու ժամանակ, որ տեղի է ունենալու Լեհաստանում ապրիլի 10-13-ը։
Սահմանադրական դատարանի նախագահն էլ նշել է, որ հայաստանյան կրթական մշակույթը, ի դեմս ամերիկյան ստուգատեսի, համալրվել է պրակտիկ հմտություններ զարգացնող միջազգային եւս մեկ մրցույթով:
Ս․Վ․