Մենք տեսնում ենք, որ իշխանությունների ջանքերը շատ նվազ են, բայց պետք է հանրային արձագանք մեծացնենք և իշխանություններից պահանջենք, որովհետև շատ կարևոր է, երբ երկրի ղեկավարությունն է դատապարտում, պահանջում, կարծում եմ, որ հանրության արձագանքն էլ այդքան մեծ չէ: Այս մասին Կարմիր խաչի հայկական գրասենյակի մոտ գերիների վերադարձի պահանջով ակլցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Իսկ թե դա ինչով է պայմանավորված, Ալեքսանյանը հետևյալ կերպ մեկնաբանեց. «Մենք տեսնում ենք, թե ինչ պառակտվածություն կա մեր հանրության մեջ, մենք դա տեսնում ենք սոցցանցերում, բայց սա մի իրավիճակ է, երբ պետք է բոլորը համախմբվեն։ Մարդու կյանքը շատ կարևոր է, դա պետք է լինի մի ստիմուլ: Այսպես ասեմ՝ Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներին, մենք ամեն ինչով պետք է աջակցենք և այստեղ իշխանությունների դուռն էլ ծեծենք, որ կանգնեն և լսեն այն, ինչ որ մենք ասում ենք և անեն այն, ինչ որ պետք է»։
Անդրադառնալով նրան, որ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ նրանք պետք է ամեն ինչ անեին, որ գերի չընկնեին, Ժաննա Ալեքսանյանը նման հայտարարություններն անբարո անվանեց. «Անբարո է, երբ մարդիկ օրհասական, մահվան շեմին են, կանգնում և այդպիսի հայտարարություններ են անում, չեմ բացառում, որ մի օր էլ կարող է Անդրանիկ Քոչարյանի հետ այդպիսի բան պատահի: Շատ վատ են իրենց պահում իշխանամերձ շրջանակները»,- ասաց նա:
Հարցին էլ՝ շատ իրավապաշտպաններ այսօր նախընտրում են իշխանությունների թևի տակ ծվարած լռություն պաշտպանել, հետաքրքիր է՝ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ մարդկանց, որոնք ձայն չեն հանում այս հարցի առնչությամբ, նա ասաց. «Լավ չի, լավ չեն անում, որ ձայն չեն հանում: Ես չգիտեմ, ինձ համար եմ ուզում պատասխան տալ, շատ վատ է, որ մեր քաղհասարակությունը հայտնվել է այդ վիճակում և նույնիսկ այսպիսի դեպքերում չեն թողնում ամեն ինչ և կանգնեն այդ մարդկանց կողքին, գոնե ձայն հանեն մի հատ, ի՞նչ ասեմ, ի՞նչ կարելի է դրա մասին ասել»։