Անահիտ դիցուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքն այսօրվանից ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանում։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 20:00, Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության բացման արարողությունը, որի շրջանակում Հայաստանում առաջին անգամ կցուցադրվեն հեղինակավոր Բրիտանական թանգարանից տեղափոխված Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխը և ձեռքը։
Արձանի գլուխն ու ձեռքը Բրիտանական թանգարանում հայտնվել են 1870 թվականին։ Մինչ այդ, անցել են ձեռքից ձեռք։ Մի մարդ այն վաճառել է Կոստանդնուպոլսում, հետո Օսմանյան Թուրքիայից մի պաշտոնյա այն գնել է Իտալիայի աճուրդում, հետո իտալացի հավաքորդ Կաստելանիի ձեռքում է հայտնվել։ Նա էլ, պայմանավորվածության համաձայն, արձանի գլուխն ու ձեռքը փոխանցել է Բրիտանական թանգարանին։
Բայց Կաստելանին ու Բրիտանական թանգարանի մասնագետներից մեկը՝ Նյուտոնը, պնդել են, որ հելլենիստական շրջանի արձանի հայրենիքը Հայաստանն է, այն հայտնաբերվել է Փոքր Հայքի Երզնկա քաղաքում։ Բրիտանական թանգարանը մտադիր է եղել նոր պեղումներ անել՝ հուսալով, որ Անահաիտի բրոնզե արձանի մյուս մասերը ևս կգտնվեն. նույն նպատակն է ունեցել նաև Ղևոնդ Ալիշանը, սակայն Օսմանյան Թուրքիան պեղումներ անց կացնելու իրավունք չի տվել։
Մեզ համար՝ Անահիտ, աշխարհի համար՝ Աֆրոդիտե. արձանի բնօրինակը եղել է մարմարից, կերտվել է Ք.ա. 4-րդ դարում, բայց չի պահպանվել։ Սակայն մարմարե քանդակի նմանությամբ ստեղծվել են կրկնօրինակներ։ Բազմաթիվ քանդակագործներ, ըստ բնօրինակի՝ նոր արձաններ են կերտել, որոնցից մեկն էլ եղել է Փոքր Հայքի Երզնկա քաղաքում։ Ո՞վ է հեղինակը, հա՞յ է, թե հույն, տեղո՞ւմ է քանդակել, թե այլ երկից է բերել Հայաստան. ոչ ոք այս հարցերի պատասխանը չունի։ Մի բան պարզ է, որ այս արձանը հայոց մեջ խորհրդանշոււմ է մայրությունը, նվիրված է մայրության պաշտամունքին, որը Հայկական լեռնաշխարհում եղել է դեռևս քարի դարից։
Անահիտի բրոնզե արձանի նմանությամբ մարմարե բազմաթիվ քանդակներ կան աշխարհի տարբեր թանգարաններում։ Պարզապես մեզ համար այս մեկը հայկական է։
Անահիտ դիցուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն 6 ամիս։
Մանրամասները՝ տեսանյութում.