Ազգային ժողովում պատերազմի և խաղաղության, Արցախյան հիմնախնդրի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկու օրերի ելույթներն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը որակում է հոգեբանական ահաբեկչություն:
168.am-ի հետ զրույցում նա նկատեց՝ Փաշինյանը և իր թիմը շեղվել են ծրագրից, որը ներկայացրել էին 2021թ․ ընտրությունների ժամանակ, այն է՝ իրենց գործողությունների հիմքում ընկած է լինելու Արցախի ազատ ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը և դրա հիման վրա՝ կարգավիճակի սահմանումը:
«Նիկոլ Փաշինյանի վերջին երկու օրերի ելույթները ես համարում եմ ուղղակի հոգեբանական ահաբեկչություն քաղաքացիների նկատմամբ, որի նպատակը մեկն է՝ տարածել անելանելիության թեզ, ինչի հիման վրա իրենք կարող են գնալ, այսպես կոչված, խաղաղության, իսկ իրականում՝ կապիտուլյացիայի ստորագրմանը, որով Հայաստանը հրաժարվելու է Արցախից: Սա է ամբողջ իրողությունը»,- շեշտեց նախկին պատգամավորը:
Որպես Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի երբեմնի ներկայացուցիչ՝ արդյոք իր համար կանխատեսելի՞ էր այս սցենարը՝ հարցին ի պատասխան, Տաթևիկ Հայրապետյանը բացեց փակագծերը.
«Նոյեմբերի 9-ից հետո, երբ կային որոշակի խնդիրներ, ես և ոչ միայն ես` եղել են թիմակիցներ, որոնք Նիկոլ Փաշինյանին ասել են, որ համարում են՝ պարտված ղեկավարը չի կարող երկիրը դուրս բերել այս իրավիճակից, և լավագույնը պետք է լինի նրա հեռացումը:
Նա, բնականաբար, մերժել է այդ տարբերակը, և ընտրություններն արդեն ջրբաժան էին բոլոր այն մարդկանց համար, որոնք հասկանում էին՝ իրենք այլևս ազդեցություն չեն ունենալու երկրի կարևորագույն որոշումների կայացման գործընթացում, բայց կրելու են դրա պատասխանատվությունը»:
Այդուհանդերձ, նախկին իշխանական պատգամավորի կարծիքով, նախկին թիմում դեռ կան մարդիկ, որոնք իրապես մտահոգ են իրավիճակով, սակայն չունեն բավականաչափ կամային հատկանիշներ՝ այդ մասին հայտնելու:
Անդրադառնալով Փաշինյանի ելույթի մի քանի կետերի, ադրբեջանագետը շեշտեց՝ վարչապետի կողմից արվել են հակատրամաբանական պնդումներ.
«Նա նույն հիմքից բխեցնում է իրար ամբողջությամբ հակադիր երկու եզրակացություններ. մի կողմից՝ ասում է, որ տարբերակ չկա, պետք է նշաձող իջեցվի, ինչը նշանակում է՝ քննարկել Արցախն Ադրբեջանի կազմում տարբերակը, մյուս կողմից՝ բերում է ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը, և ասում՝ գիտեք, որ հայերի նկատմամբ էթնիկ ատելություն է քարոզվել։ Այսինքն՝ դրանից բխում է, որ չեն կարող լինել Ադրբեջանի կազմում՝ անկախ երաշխիքներից:
Այս ամենը, իմ տպավորությամբ, իսկապես նպատակ ունի ինչ-որ քաոտիկ իրողություն ստեղծել հայ հանրության ներսում. ինչպե՞ս կարելի է գալ և սեփական ժողովրդին սպառնալ պատերազմով, որի ներքո գնում ես կապիտուլյացիայի ստորագրման, կամ ի՞նչ էիք անում դուք 1.5 տարի, երբ առավոտից երեկո տարբեր փորձագետներ խոսում էին այդ ռիսկերի և հավուր պատշաճի պատրաստվելու անհրաժեշտության մասին:
Եվ եթե հետևել եք նախորդ օրն Ադրբեջանի կառավարության նիստում Ալիևի ելույթին, այնքան նմանվող թեզեր կգտնեք, օրինակ, որ Հայաստանին չի կարելի զինել, Հայաստանը չպիտի բանակ ունենա: Երեկ ասում է՝ խաղաղության դարաշրջանն այն է, որ մեր զինվորներն այլևս չկանգնեն սահմանին, սահմանապահները կանգնեն: Ասենք, տարրական տրամաբանություն է՝ եթե քեզ ասում են, որ սպանելու են, հակառակ կողմում զինված մարդիկ են կանգնած, որոնք սպառնում են քո քաղաքացիներին, ինչպե՞ս կարող ես նման բան հայտարարել»:
Ըստ Տաթևիկ Հայրապետյանի՝ իշխանությունները քարոզչադաշտում տարածում են թեզ, թե Հայաստանը պարտվել է, պետք է պատրաստ լինի զիջումների՝ մինչդեռ մոռանում են, որ հայկական կողմն արդեն արել է այդ զիջումները.
«Հայաստանն արել է իր բաժին զիջումները. իսկ Քարվաճառը, Աղդամը զիջումներ չէի՞ն, այսինքն՝ էդ ի՞նչ թեզ է. ինչը որ պարտվել ենք, դա զիջել ենք»:
Ի դեպ, ադրբեջանագետն ուշադրություն հրավիրեց ԼՂԻՄ շրջակա 7 շրջանների և ԼՂԻՄ ու ՀՀ բուն տարածքների միջև հավասարության նշան դնելու Փաշինյանի «մանիպուլյացիաների» վրա: Ապա անդրադառնալով «փուլային» և «փաթեթային» տարբերակների միտումնավոր շփոթին՝ նկատեց.
«Ինքը շատ լավ գիտի, որ այլևս որևէ բանակցային փաթեթ չկա սեղանին դրված՝ ո՛չ «փուլային», ո՛չ «փաթեթային», ո՛չ «ընդհանուր պետության». այսօր կա հանգամանք, որ ինքը հրաժարվում է Արցախից, և դա անգամ չի քննարկվում»:
Այս համատեքստում նա շեղող մանևրներ համարեց «նախկիններ-ներկաներ» դիսկուրսը:
«Այսօր խնդիրն այն է, որ դու լրիվ այլ բան ես բանակցում, որը ոչ ոք չի բանակցել, ու փորձում ես համոզել, թե բոլորը բանակցել են դրա մասին: Եթե բոլորը դրա մասին բանակցեին, Ադրբեջանը ծափ տալով կգար այդ թուղթը կստորագրեր և խաղաղ ճանապարհով իր համար այդ հարցը կլուծեր: Պարզ տրամաբանություն կա, չէ՞, էստեղ. եթե այդքան լավն էր Ադրբեջանի համար այդ լուծումը, ինչի՞ չէր ստորագրում»,- եզրափակեց Տաթևիկ Հայրապետյանը: