Հայաստանը բախվում է մարտահրավերների, որոնց մեծ մասը, ցավոք, դեռևս մնում է չլուծված՝ չնայած իմ երկրի գործադրած ահռելի ջանքերին: Այս մասին ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում իր ունեցած ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մեկ տարի առաջ իմ ելույթում ես մանրամասն անդրադարձա այն մարտահրավերներին, որոնց բախվում էր Հայաստանը։ Ցավոք, այդ մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված՝ չնայած իմ երկրի գործադրած ահռելի ջանքերին։ Մեր արևելյան հարևանից հնչող հայտարարությունները շարունակում են կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ չնայած միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որը, ի թիվս այլոց, վերահաստատել էր, որ Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական սահմանները դարձել էին անկախ հանրապետությունների միջազգային սահմաններ։ Ավելին, հենց այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ, ովքեր կամայականորեն են ազատազրկված, ընդ որում՝ անտեսելով պատշաճ դատավարության համար անհրաժեշտ մարդու իրավունքների չափանիշները։
Մեկ տարի առաջ ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարը տեղեկացրեց այս Խորհրդին, որ հանձնակատարի գրասենյակը երկու առաքելություն է գործուղել Հայաստան՝ ավելի քան 115,000 էթնիկ հայերի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու նպատակով։ Մենք համոզված ենք, որ այդ առաքելության արդյունքները կարևոր ներդրում կլինեն հաշտեցման ջանքերն առաջ մղելու գործում։
Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր օրակարգին, մի քանի կառուցողական առաջարկներ է արել ադրբեջանական կողմին, այդ թվում՝ Խաղաղության պայմանագրի, տրանսպորտային ենթակառուցվածքների բացման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմի և այլ համատեքստում՝ նկատի ունենալով բոլոր հիմնական խնդիրները կարգավորող ռազմավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։
Մենք համոզված ենք, որ երկու կողմերի կառուցողական արձագանքը, հետագա ներգրավվածությունը և քաղաքական կամքի դրսևորումը մեծապես կնպաստեն մեր տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը։ Հենց այս համատեքստում ես կցանկանայի ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ թշնամանքի էջը շրջելու և ինստիտուցիոնալիզացված խաղաղություն հաստատելու հարցում։ Մենք ոչ միայն պատրաստ ենք դրան, այլև չենք շեղվելու այդ ուղուց»: