Այս իշխանությունները քանդել են մեր անվտանգային համակարգը, մենք չունենք այլևս անվտանգային համակարգ: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Արթուր Վանեցյանը:
«Սրանք միայն պարտվողական քաղաքականություն են առաջ տանում։ Սրանք մարդկանց հոգեբանորեն ճնշում են՝ ասելով՝ եթե մենք գնանք, լինելու է պատերազմ։ Սու՛տ են ասում․ պատերազմն իրենք են բերել, և իրենք էլ հիմա ձեզ պատերազմով վախեցնելով՝ կառչած են մնում իրենց աթոռներից»,- ասաց Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ այս իշխանություններն արժանի չեն Հայաստանին ու Արցախին, Արցախն ու Հայաստանն էլ արժանի չեն նրան, որ այսպիսի իշխանություններ ունենան։
«Այս իշխանությունն առնետի պես կրծել է մեր անցյալը, ներկան և փորձում է կրծել մեր ապագան։ Մենք թույլ չենք տալու, որ նրանք մեր երկիրը տանեն վերջնական կործանման։ Բոլորս միասնական, մի բռունցք դարձած, պայքարելու ենք մինչև վերջ, այս իշխանություններին հեռացնելու ենք և ունենալու ենք առանց Նիկոլ Հայաստան»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը։
Վանեցյանը նաև պատմեց իր և նահատակված զինծառայողներից մեկի ծնողի հետ խոսակցությունից դրվագ այն մասին, որ մայիս ամսին Երևանում այսքան անձր դեռ չէր եղել, ինչին ի պատասխան զոհված զինծառայողի ծնողը նշել է՝ մեր տղերքն են վերւից լացում, իրենց արցունքներ է, որովհետև իրենք իրենց ամենաթանկ բանը տվել են ամենաթանկի համար, բայց մինչ օրս չենք կարողանում ազատվել իրենց զոհած, սպանած իշխանություններից: Վանեցյանը նշեց, որ բոլոր մեղավորները պատժվելու են շատ կարճ ժամանակում: