ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտնած մտահոգությունները, որ Ադրբեջանն ինտենսիվ զորավարժություններ է իրականացում, և Բաքու ռազմական տեխնիկա է տեղափոխվում, ինչ-որ տեղ անուղղակի հաստատում են Ադրբեջանի կողմից ռազմական ճնշման հնարավորությունը։ Բայց թե այդ ճնշումն ինչ բնույթի կլինի, դժվար է կանխատեսել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Հարությունովը։
«Այն, որ ԱԽ քարտուղարն անուղղակի հաստատում է հնարավոր զարգացումների մասին, միանշանակ է։ Սա նորություն է այնքանով, որ նման մտահոգություն իշխանության ներկայացուցիչն է հայտնել, որովհետև նախկինում ՀՀ իշխանությունները հայտարարում էին, որ պատերազմի հավանականությունը ցածր է։
Այն, որ ադրբեջանական կողմը կարող է գործել ռազմական գործողություններ նախաձեռնելու տրամաբանության մեջ, շատ ակնհայտ է, որովհետև նախկինում այդ սխեման մի քանի անգամ կրկնվել է. երբ ադրբեջանական կողմը Հայաստանին նոր պահանջներ է ներկայացնում, իսկ հայկական կողմը կա՛մ չի ընդունում դրանք, կա՛մ դանդաղ է ընդունում, Ադրբեջանը գնում է ռազմական ճնշման։ Դրա համար էլ այս պայմաններում ռազմական գործողությունների հավանականությունն առկա է»,- ասաց քաղաքագետը։
Ըստ Դավիթ Հարությունովի՝ չկա կոնկրետ գործողություն, որին կդիմի ՀՀ իշխանությունը, և որը կկանխի Ադրբեջանի հնարավոր հարձակումը, որովհետև մի կողմից Ռուսաստանի կողմից տրամադրվող երաշխիքներն այս կամ այն կերպ չեն գործում կամ լիարժեք չեն գործում, մյուս կողմից Իրանն իր հերթին, որպես Հայաստանին պոտենցիալ երաշխիքներ տրամադրող երկիր, հայտնի չէ՝ Հայաստանի պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմական կոնֆլիկտի կգնա՞։
«Բացի այդ՝ Իրանը հիմա ներքին ու արտաքին պատճառներով շատ բարդ վիճակում է, և դժվար թե միանշանակ երաշխիքներ տրամադրի մեզ։
Ինչ վերաբերում է Արևմուտքին, իհարկե տեսնում ենք, որ ինչ-որ հայտարարություններ արվում են, սակայն այստեղ ևս խոսք չի գնում կոնկրետ ռազմական երաշխիքների մասին։ Այս պայմաններում, փաստորեն, չկա միանշանակ լուծում, որը կարող է բոլոր խնդիրներները վերացնել։
Բայց կարող եմ ասել՝ ՀՀ իշխանությունների քայլերում վիճելի է Ռուսաստանի հետ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելը և դրա հաշին Արևմուտքի հետ մերձենալը։ Կարծում եմ՝ Հայաստանն այս պայմաններում կարող էր փորձել առավել ճկուն լինել և Արևմուտքի հետ մերձեցումը համատեղել Ռուսաստանի հետ ոչ այսչափ ագրեսիվ քաղաքականության հետ։ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարելի էր չսրել այդքան բացահայտ՝ տեղեկատվական արշավի տեսքով»,- նշեց Դավիթ Հարությունովը։
Որպես Հայաստանի դիրքերն ամրապնդող հաջորդ գործոն՝ քաղաքագետը նշեց Զինված ուժերի բարեփոխումների և արդիականացման ինտենսիվությունը։
«Ինձ մոտ, ամեն դեպքում, տպավորություն կա, որ ժամանակային առումով Հայաստանն ուշանում է, ժամանակ է կորցնում, որը կարող էր առավել արդյունավետ օգտագործել։ Երբ արտաքին ռազմական երաշխիքներ այս պահին փաստացի գոյություն չունեն, մնում է ամենակարևոր գործոնը՝ հենց Հայաստանի հնարավորությունները»,- ամփոփեց մեր զրուցակիցը։