Ընդհանրապես հայրենիքի, օջախի մասին խոսելիս մարդիկ արագ հեռանում են ռացիոնալ, իրապաշտական հույզերից, էլ չեմ ասում փողով կամ փողի որոշակի քանակով դա չափեռլու մասին։
Մոտ երկու ամիս առաջ Տավուշում սահմանազատման գործընթաց եղավ։ «Ադրբեջանական կողմում» հայտնված գույքի տերերն արցունքն աչքերին վստահեցնում էին, որ չեն լքելու իրենց տները, չեն վաճառելու հայրենիքի իրենց կտորը։ Բայց կարծես աշնանը ճտերին հաշվելու առակը միայն մեր ժողովրդի մասին է գրվել։
Վերջին օրերին պարզվեց, որ հայրենիքի իրենց կտորից իբրև թե չհրաժարվողները համաձայնել են ստանալ փոխհատուցումներ և բավարարված են։
Թվում է, թե դա իրենց և պետության գործն է, մենք գոնե այդ թեմայով ավելացնելու ոչինչ չունենք։ Բայց այդ ո՞ւմ փողն եք քամուն տալիս և ի՞նչ տրամաբանությամբ է որոշվել կադաստրային արժեքի փոխարեն տների փոխհատուցման հիմքում դնել ինչ-որ ստվերային պայմանավորվածություններ:
Հիշեցնում եմ բոլորին, որ ՀՀ օրենսդրությամբ հողի, գույքի, սեփականության բոլոր հարցերի հաշվարկների հիմքում ընկած է կադաստրային արժեք հասկացությունը, և ոչ ոք իրավունք չունի ինչ-որ անհասկանալի, կասկածելի գործարքներ կատարել, ֆինանսավորել պետական բյուջեից։
Վերջ ի վերջո սա պետություն է, ոչ թէ որբի գլուխ։ Առաջարկում եմ կասկածները փարատելու համար հիշյալ անձանց համար կառուցել նոր տներ, ոչ թե տալ ֆինանսական փոխհատուցում։ այդպիսով կկանխվի նաև բնակիչների՝ գյուղից հեռանալու մտադրությունը։
Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։