Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել իր գոյությունը միջուկային զենքով, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
RT-ի հարցազրույցում Մեդվեդեւը հայտնել է, որ «ամերիկյան դիփսթեյթում հազիվ թե երրորդ համաշխարհային պատերազմ ցանկանան, բայց նրանք չգիտես ինչու կարծում են, որ ռուսները երբեք չեն անցնի որոշակի գիծը»։
«Նրանք սխալվում են։ Եթե խոսքը վերաբերի մեր պետության գոյությանը, ինչի մասին քանիցս ասել է մեր երկրի նախագահը, ձեր խոնարհ ծառան է ասել, ուրիշներն են ասել, բնականաբար, մենք պարզապես ոչ մի ելք չենք ունենա։ Ամեն մարդ, որը դառնում է միջուկային տերության նախագահ, նա, ըստ էության, ստանձնում է պարտավորություն՝ պաշտպանել երկիրը մինչեւ վերջ։ Դա վերաբերում է նաեւ Ռուսաստանի Դաշնությանը»,- ասել է Մեդվեդեւը։
Նրա խոսքով՝ այս հարցում «ներկայիս քաղաքական իսթեբլիշմենթին, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայում, չի բավականացնում այն խորաթափանցությունն ու մտքի նրբությունը, որոնք ուներ, օրինակ, այդ նույն (Հենրի) Քիսինջերը»։