ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է կտրուկ կրճատել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) անձնակազմը։ Ներկայումս գործակալությունում աշխատում է ավելի քան 10,000 մարդ, սակայն պաշտոնները կպահպանեն միայն 294-ը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Նշվում է, որ ԱՄՆ ՄԶԳ Աֆրիկայի բյուրոյում կմնա ընդամենը 12 աշխատակից, իսկ Ասիայի բյուրոյում՝ 8-ը։
«Սա զայրացուցիչ է», – ասել է USAID-ի նախկին ղեկավար Բրայան Էթվուդը:
Նրա կարծիքով՝ անձնակազմի զանգվածային կրճատումը «գործնականում կկործանի գործակալությանը, որն օգնել է ամբողջ աշխարհում տասնյակ միլիոնավոր մարդկանց փրկել մահից»։
Պետդեպարտամենտը դեռ չի մեկնաբանել առաջարկվող կրճատումները:
ԱՄՆ ՄԶԳ-ն ստեղծվել է 1961 թվականին՝ այլ երկրներին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով։ Հունվարի 20-ին Թրամփը հայտարարել է USAID-ի աշխատանքն 90 օրով սառեցնելու մասին, որի ընթացքում պետք է իրականացվի ծրագրերի աուդիտ՝ հասկանալու համար՝ արդյոք դրանք բխում են Միացյալ Նահանգների շահերից։ Փետրվարի 3-ին ԱՄՆ նախագահը պետքարտուղար Մարկո Ռուբիոյին նշանակել է ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատորի ժամանակավոր պաշտոնակատար։