Ամերիկացի սենատորներ Բոբ Մենենդեսը եւ Ջեք Ռիդը պահանջում են, որ Բայդենի վարչակազմը ակտիվացնի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակումը դադարեցնելու ջանքերը։
Պետքարտուղար Էթնոնի Բլինքենին ուղղված նամակում սենատորներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղի մեկամսյա շրջափակման եւ արագ աճող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ։ «Չնայած այն պնդումներին, որ շրջափակումը կազմակերպել են «էկոցուցարարները», կարծես թե, դրա համար վերջնական պատասխանատվությունը Ալիեւի ռեժիմն է կրում։ Բացի այդ, ռուսական ուժերը, որոնց հանձնարարված է խաղաղության պահպանումը, ակնհայտորեն ձախողել են իրենց պարտականությունները։
Այս շրջափակումը դատարկություն է տարածում առանց այն էլ խոցելի տարածաշրջանում, որը դեռեւս չի վերականգնվել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա Ադրբեջանի հարձակման հետեւանքներից: Հայաստանի կառավարության տվյալներով՝ Բաքուն Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակիչներին մերժում է տեղաշարժի ազատություն տալ՝ փաստացիորեն պատանդ պահելով նրանց՝ իր սեփական օրակարգն առաջ մղելու համար: Հայաստանի օմբուդսմենն արդեն հայտնել է Լեռնային Ղարաբաղի բնակչի մահվան մասին, որին թույլ չեն տվել բուժօգնության դիմել Հայաստանում։ Բազմաթիվ կյանքեր վտանգի տակ են պարենի եւ դեղորայքի աճող պակասի պատճառով: Երկու շաբաթ առաջ Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները հայտնել են, որ տարածաշրջանում մրգի, բանջարեղենի, հացահատիկի եւ շաքարի պաշարները սպառվում են, իսկ ձվի, կարագի, ալյուրի եւ բրնձի անբավարարությունը տագնապ է առաջացնում: Այսօր իրավիճակն, անշուշտ, ավելի ծանր է։
Միացյալ Նահանգները չի կարող կողքից նայել, երբ Ալիեւի ռեժիմը անխղճորեն սպառնում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների կյանքին, եւ պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքներին քաղաքացիների հասանելիությունն արգելափակելու համար:
Մենք ուրախ էինք տեսնել, որ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուիչը վերջերս «ադրբեջանական կառավարությանը կոչ արեց վերականգնել ազատ տեղաշարժը» Լեռնային Ղարաբաղում: Թեեւ մենք ողջունում ենք այն ճանաչումը, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում շարունակվող հումանիտար ճգնաժամի պատճառ դարձած շրջափակման համար, Միացյալ Նահանգները պետք է նաեւ միջոցներ ձեռնարկի, որպեսզի վերականգնվի հումանիտար ապրանքների եւ առաջին անհրաժեշտության ապրանքների ազատ հոսքը այս պաշարված բնակչության համար։ Մենք պետք է աջակցենք օգնություն տրամադրող կազմակերպություններին եւ աշխատենք մեր համախոհ գործընկերների հետ ողջ Եվրոպայում, որոնք նույնպես մտահոգություն են հայտնել Բաքվի գործողությունների վերաբերյալ, որպեսզի ճնշեն Ալիեւի ռեժիմին՝ այս անընդունելի շրջափակումը դադարեցնելու նպատակով:
Մենք անհամբեր սպասում ենք ձեր շուտափույթ պատասխանին եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերացման ուղղությամբ համատեղ աշխատանքին»։