Պենտագոնի հաշվարկներով՝ մեկ ամսից էլ քիչ ժամանակում ամերիկյան զորքերն Իրաքում եւ Սիրիայում ենթարկվել են առնվազն 38 գրոհի Իրանի կողմից աջակցվող խմբավորումների կողմից, որոնք կիրառել են անօդաչուներ եւ հրթիռներ։
Վեց գրոհ տեղի է ունեցել վերջին երկու օրում։
Այդ գրոհների մեծ մասը կասեցվել է ամերիկացի զինծառայողների կողմից կամ չի հասել նպատակին, զոհեր չեն եղել, ենթակառուցվածքը չի տուժել, տեղեկացրել են ռազմական գերատեսչության ներկայացուցիչները։
Պենտագոնի մամուլի քարտուղար, բրիգադի գեներալ Փետ Ռայդերի տվալներով՝ գրոհների հետեւանքով տուժել է 46 ամերիկացի զինծառայող։
Ըստ Ռայդերի՝ զինծառայողները տուժել են բեկորային վնասվածքներից, գլխացավերից, ականջի թմկաթաղանթի պերֆորացիայից, ականջների աղմուկից, հոդերի ձգումից, ինչպես նաեւ ունեցել են գլխուղեղային վնասվածքներ։
Ամերիկացիները տուժել են չորս գրոհների ժամանակ՝ անօդաչուի գրոհից Էրբիլում, Ալ-Հարիրում, որտեղ անօդաչուն վնասվել է մինչեւ պայթյունը, անօդաչուների երկու հարվածներից Ալ-Ասադ ավիաբազայում (Իրաքի արեւմուտք) եւ անօդաչուների հարվածից Սիրիայում, Ալ-Թանֆ կայազորում։