Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսն այսօր ելույթ է ունեցել ՀՀ նախագահի երդմնակալության առիթով։
Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության, մեծարգո նախագահ Արցախի Հանրապետության,մեծարգո վարչապետ, մեծարգո նախագահ Ազգային ժողովի և հարգելի ներկաներ,
Այսօր մասնակից ենք հայրենական կյանքի կարևոր իրադարձության՝ Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, որի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ, պարոն նախագահ, և մեր ողջ ժողովրդին։ Երեսուն տարիներ առաջ մեր ժողովուրդը հերոսական պայքարով վերակերտեց իր անկախ պետականությունը՝ անցնելով մաքառումների և փորձությունների դժվարին ուղիով։ Այդ տարիների ընթացքում մեր պետականության կայացման ճանապարհին երկրի առաջնորդությունը հանձն առան չորս նախագահներ։
Այսօր Դուք եք ստանձնում այդ պատասխանատու պաշտոնը, որ խորհրդանիշն է հայոց անկախ պետականության։ Ձեր պաշտոնակալությունը տեղի է ունենում դժվարին ժամանակահատվածում, երբ հայրենիքը վիրավոր է արցախյան պատերազմի աղետալի կորուստներով, և հաղթահարված չեն պատերազմի առաջ բերած մարտահրավերները, երբ տակավին գերության մեջ են և անհայտ կորած մեր զավակները, և պարբերաբար շարունակվում են ոտնձգությունները հայրենյաց սահմանների նկատմամբ, երբ ներազգային կյանքում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը և ներհասարակական բևեռացվածությունը շարունակում են խռովել մեր ժողովրդի հոգին:
Ամենքս այսօր մտահոգ ենք մեր երկրի իրավիճակով, երերուն է խաղաղությունը Հայաստանում ու Արցախում, ծառացած են արցախահայության իրավունքների պաշտպանության և հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման հարցերը, և ապագան անորոշություններ է պարունակում։
Մտահոգ ենք և աշխարհը փոթորկող տագնապներով ու հակամարտություններով, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարդ զարգացումներով։ Ներկայիս ծանրագույն մարտահրավերների պայմաններում հրամայական են ներհասարակական հաշտության օրակարգի իրականացումը, ազգային միասնականության վերականգնումը, հայրենիքի ապագայի և ազգային նպատակների շուրջ համընդհանուր տեսլականի ձևավորումը, որով կարելի կլինի հաղթահարել առկա խնդիրները, զորացնել մեր պետականությունը, հետամուտ լինել անվտանգային հարցերի լուծմանը, համախմբել համազգային ողջ ներուժը՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի։
Ցավով ենք անդրադառնում, որ երկփեղկված է մեր ժողովուրդը ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում՝ պայմանավորված հայրենիքում տեղ գտնող մտահոգիչ զարգացումներով, ինքնության ճգնաժամով և ներքին խնդիրներով։ Սփյուռքի համայնքների ու ավանդական կազմակերպությունների զորացումը նույնպես պետք է լինի հայրենի պետության առաջնահերթությունը։ Որպես պետության գլուխ՝ Հանրապետության նախագահի իրավասության տիրույթում է հետամուտ լինելը երկրում արդարության ու օրինականության գերակայությանը, համապետական և համազգային շահերի պաշտպանությանը, որով, պարոն նախագահ, պիտի նպաստեք մեր ժողովրդի ու հայրենիքի վերքերի ամոքմանը, պետության առաջընթացին և ապահով գալիքի կերտմանը։ Մաղթում ենք, որ Աստծո և ժողովրդի առջև կատարած Ձեր երդումը մշտապես ուժի և զորության, անմնացորդ նվիրումի աղբյուր լինի՝ արդյունավորելու պատասխանատու և դժվարին Ձեր առաքելությունը։
Հայոց Եկեղեցին, ինչպես բոլոր ժամանակներում իր կոչմանը և ծառայությանը հավատարիմ, այսօր ևս շարունակելու է հայրենի պետության հետ գործակցությունը Սահմանադրության ոգուն համահունչ՝ հանուն մեր անկախ պետականության և մեր ժողովրդի խաղաղ ու բարօր, համերաշխ ու միաբան կյանքի՝ միշտ ուսուցանելով առաքյալի հորդորը. «Նույն բանը խորհեցեք, նույն սերն ունեցեք ձեր մեջ, եղեք միաշունչ, միախորհուրդ» (Փիլիպ. 2.2): Պատմության հոլովույթներում ազգային մեր միաբանությունը և հայրենաշեն ձեռքբերումները խարսխվել են ամենատարբեր փորձությունների դիմակայած մեր նվիրական արժեքների վրա։
Մեր ազգային արժեհամակարգը այսօր էլ պետք է սրբությամբ պահպանվի, իբրև գրավական մեր ինքնության և գոյության, և դիտարկվի ամուր հիմը, մեր ժողովրդի զավակների կրթության ու դաստիարակության։ Չափազանց մեծ է այն գինը, որը մենք վճարել ենք անկախ պետականության վերակերտման ճանապարհին։ Հ
այրապետական Մեր հորդորն ենք ուղղում համայն մեր ժողովրդին՝ ապրենք և առաջնորդվենք գիտակցությամբ, որ հայրենիքը Աստծո պարգևն է մեր ազգին, և յուրաքանչյուրս կոչված ենք ամեն հանձնառություն ստանձնելու, ջանք և եռանդ չխնայելու՝ հանուն մեր երկրի հզորության և պայծառության։ Հավատով նորոգվենք և մեր կյանքը շաղախենք հայրենյաց անսակարկ սիրով և բարեպաշտ ընթացքով։ Ինչպես սաղմոսերգուն է ասում, մեր աստվածահաճո արարումներով «մեծարենք Տիրոջը, բարձրացնենք Նրա անունը միասին» (Սաղմ. 33.4) և հույսով ու լավատեսությամբ զորացած՝ համատեղ գործենք հանուն մեր լուսավոր գալիքի։ Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ անվտանգ ու արժանապատիվ կյանքի նոր հորիզոններ բացի մեր ժողովրդի առջև՝ խաղաղության մեջ պահելով աշխարհը համայն, Հայաստան ու Արցախ մեր հայրենիքը և համբերատարության ու տոկունության մեջ զորացնելով հավատավոր մեր բոլոր զավակներին:
Թող Երկնավոր Տիրոջ շնորհը, սերն ու ողորմությունը լինեն ամենքիս և ողջ մարդկության հետ, այսօր և հավիտյանս. ամեն: