ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատախազաքննչական մարմինները փակ օղակում են հայտնվել, գիտակցում են՝ քրեական գործը փլուզման եզրին է. քրեական գործի հարուցումն ապօրինի է։
Aravot.am-ի տեղեկություններով՝ քրեական գործը հարուցվել է մի ՍՊԸ-ի տնօրենի կողմից ուղիղ երկու տարի առաջ՝ 2019 թվականի սեպտեմբերին ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա։ Ընդ որում՝ հաղորդումը վերաբերել է բնապահպանության նախարարության առանձին աշխատակիցների գործողությունների օրինականությանը։ Այս հաղորդման հիման վրա, իբր, նյութեր են նախապատրաստվել ու մեկ էլ ամիսներ անց որոշել, որ նոր տվյալներ են ի հայտ եկել ու հարուցել են քրեական գործ։ Ինչպես նշեցինք՝ հաղորդումն ստացվել է 2019 թվականի սեպտեմբերին, իսկ քրեական գործը հարուցվել է 2020 թվականի մարտի 30-ին, այսինքն՝ 6 ամիս անց՝ դատավարական ժամկետների կոպտագույն խախտմամբ։
Օրենքով սահմանված 10-օրյա ժամկետն (անհրաժեշտության դեպքում նյութերի նախապատրաստման ժամկետը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կարող է երկարացվել մինչեւ մեկ ամիս) անցնելուց հետո կատարված դատավարական գործողությունները համարվում են անվավեր, եթե ժամկետը չի վերականգնվում, մինչդեռ, տվյալ դեպքում նյութերի նախապատրաստման ժամկետը չի երկարացվել, չի վերականգնվել, հետեւաբար իրականացված բոլոր գործողություններն անվավեր են։
Ընդ որում՝ քրեական գործի հարուցման անօրինականությունն ի սկզբանե գիտակցել է նաեւ ՀՀ ոստիկանության ավագ օպերլիազորը, որը քրեական գործ հարուցելու որպես առիթ նշել է իր կողմից հանցագործության մասին տվյալներ ու հետեւանքներ հայտնաբերելը, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտել, որ իրականում հենց հաղորդման հիման վրա է հարուցվել քրեական գործը, քանի որ արձանագրել է, որ որոշման պատճենն ուղարկվել է նաեւ «դիմումատու»-ին։