Ալիևը ցանկանում է Հայաստանից ավելին ստանալ, դրա համար էլ պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի կնքման կարևորագույն պայմանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությանը, որ քանի դեռ Սահմանադրության փոփոխություն տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, որ Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու բացառիկ հնարավորություն ունեն, մեր զրուցակիցը նկատեց՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան նմանատիպ հայտարարություններով ցանկանում է թույլ չտալ Ալիևին հրաժարվել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից։
«Շատ դեպքերում Էնթոնի Բլինքենի խոսքն ավելի շատ կանխարգելիչ բնույթ է կրում, քան հստակ իրավիճակն է բնութագրում։
Որովհետև շատ են դեպքերը, երբ քաղաքական գործիչները հայտարարություններ են անում՝ փորձելով կա՛մ կանխել որևէ զարգացում, կա՛մ ընթացք տալու դրան»,- ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։
Քաղաքագետի համոզմամբ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը միագիծ չէ և կանխված է ամենատարբեր քաղաքական զարգացումներից։
Օրինակ, եթե Միացյալ Նահանգներում իրավիճակ փոխվի, և Թրամփի ու Բայդենի նկատմամբ վստահության տոկոսները փոխվեն (հիշենք, որ այս պահին Թրամփը մի փոքր ավելի առջևում է), զուգահեռաբար շատ հնարավոր է, որ մենք ականատես լինենք Ալիևի խոսույթի մեղմացման, և ընդհակառակը՝ Ադրբեջանն առավել կառուցողական դառնա, որովհետև ԱՄՆ-ում Թրամփի իշխանության գալը պաշտոնական Բաքվին շատ ձեռնտու է։ Տեսնելով, որ նման հավանականությա կա, Ադրբեջանի ղեկավարն իր դիրքերն ավելի է կոշտացնում»,- ասաց քաղաքագետը։
Մեր զրուցակցի խոսքով՝ սա քաղաքականություն է, և նորմալ է սպասել, որ մեկ իրադարձություն կարող է ազդել մեկ այլ իրադարձության վրա։
«Մյուս կողմից Էնթոնի Բլինքենը ցանկանում է կանխել Ալիևի կոշտ դիրքորոշումը և ցույց տալ, որ անկախ ամեն ինչից՝ ԱՄՆ դեռ գործում է և ունի ազդեցության լծակներ։ Իհարկե, այդ լծակները հարաբերական արդյունավետություն ունեն, բայց որոշակի չափով ազդեցություն, ամեն դեպքում, կա։
Իհարկե, Ալիևը կարող է շատ բան հայտարարել, բայց եթե Միացյալ Նահանգները տեսականորեն շատ ցանկանա և օգտագործի բոլոր լծակները, Ալիևն իր հայտարարություններից հետ կկանգնի»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հայտարարել էր՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության պայմանը կատարելու դեպքում խաղաղության պայմանագրի տեքստի կամ առնվազն դրա հիմնական սկզբունքների վրա աշխատանքը հնարավոր կլինի ավարտել մի քանի ամսվա ընթացքում: Հնարավոր տարբերակներից մեկը նա համարել էր հիմնական սկզբունքների նախաստորագրումը:
Արդեն այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ելույթ ունենալով Վաշինգտոնի Բրուքինգս ինստիտուտում, հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու բացառիկ հնարավորություն ունեն։ Ըստ նրա՝ խաղաղության համաձայնագիրը վերջ կդնի տասնամյակների հակամարտությանը։