Ադրբեջանական կողմը քաջ գիտակցում է, որ որքան ձգվում է ժամանակը, այնքան նրա հնարավորությունները սահմանափակվում են։ Նախ՝ հաղթողի էֆեկտն է աստիճանաբար մարում, և երկրորդ, տարածաշրջանում ակտիվանում են այլ դերակատարներ, որոնք ավելի բարդացնում են այս նոյեմբերի 9-ի եռակողմ ձևաչափում խնդիրների լուծման տրամաբանությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է արևելագետ Արմեն Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ արդեն բացահայտ է, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված հիմնական գործընթացն ընթանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, այսինքն՝ սա հստակ ցուցիչ է, որ Արցախյան խնդիրը եռյակի ֆորմատում չի լուծվելու, և սրանով արդեն այս եռակողմ ձևաչափը բավական թուլանում է։
«Վերոնշյալը քաջ գիտակցում է նաև Ալիևը, և նա շտապում է, և որքան էլ պարադոքսալ չի հնչում, այս միջավայրում և այս ամենի համատեքստում ժամանակն աշխատում է մեր օգտին»,- ասել է արևելագետն ու հավելել, որ մեր տարածաշրջանն ընդհանուր առմամբ մեծ պատերազմի նախաշեմին է գտնվում։




