Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո ասել է. «Ադրբեջանը Հայաստանին կործանիչ հարված է հասցրել, ինչից հետո Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ի օգնությանն ու ոչ մի արդյունքի չի հասել»: Ալիևն ասել է, որ ՀԱՊԿ-ին դիմելուց առաջ Հայաստանը պետք է հիշի, թե ինչպես է վիրավորել այդ կառույցը` առանց համաձայնեցնելու մյուս երկրների հետ ձերբակալելով կառույցի գլխավոր քարտուղարին:
Ռազմական վերջին գործողությունների ժամանակ սպանված ադրբեջանցի զինվորականների ընտանիքներին մեքենաներ և բնակարաններ նվիրելու արարողության ժամանակ նա ՀՀ իշխանություններին կոչ է արել Ադրբեջանի դեմ կռվել մեն-մենակ: Այս մասին գրում է minval.az կայքը:
Ալիևը նշել է, որ «Ղազախստանն ու Ղրղզստանն իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանին այլ միջազգային կազմակերպությունների՝ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի շրջանակում, իսկ Բելառուսը` Չմիացած երկրների շարժման շրջանակում»:
«Կռվեք մեզ հետ դեմ առ դեմ, տեսնենք՝ ով կհաղթի»,-ասել է Ադրբեջանի նախագահը՝ դիմելով ՀՀ ղեկավարությանը: