Աննախադեպ է, երբ ԱԺ նախագահն այդպես է արձագանքում ՄԻՊ-ին, որն ընտրվում է հենց խորհրդարանի կողմից և խորհրդարանական մարմին է: Այս առումով՝ ԱԺ նախագահի արտահայտությունը ցույց է տալիս, որ տվյալ անձը չի տիրապետում քաղաքական էթիկայի նորմերին: Սա քաղաքական էթիկայի խնդիր է, երկրորդ՝սա քաղաքական կոպիտ վրիպում է. ստացվում է որ պառլամենտի խոսնակը անհավատությամբ է վերաբերվում մի ամբողջ ինստիտուտի աշխատանքին, խոսքը չի գնում միայն Արման Թաթոյանի, այլ՝ ՄԻՊ ինստիտուտի մասին, որը կարևորագույն կառույց է ցանկացած ժողովրդավարական երկրում:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքին՝ ՄԻՊ զեկույցի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ ընդդիմադիր պատգամավորը մեջբերումներ էր անում Ադրբեջանում հայ զինվորների խոշտանգումների մասին ՄԻՊ զեկույցից, ԱԺ նախագահ Սիմոնյանը դրանք որակեց «հնարած տեսարաններ».
«Ես, անկեղծ ասած, այդպես էլ չհասկացա, թե ինչու էր պետք թվարկել այս հնարած տեսարանները»,-ասել էր Ալեն Սիմոնյանը:
Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ սրանով ԱԺ նախագահը հատուկ ծառայություն է մատուցում ադրբեջանական իշխանություններին, որովհետև Ադրբեջանն ամենուր օգտագործելու է այդ խոսքերը՝ հղում անելով ՀՀ ԱԺ նախագահին
«Նա մերժում է պաշտպանի բոլոր փաստարկներն առ այն, որ մեր գերիները Ադրբեջանում խոշտանգումների են ենթարկվում: Ինչո՞ւ է ՄԻՊ-ը ցույց տալիս գերիների խոշտանգումների կադրերը, որովհետև դա անհրաժեշտ է, նախևառաջ, մեր իշխանությունների համար, որոնք մերժում են այդ փաստը: Դրանով Արման Թաթոյանը նաև բազմաթիվ միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում, այն փաստի վրա, որ Ադրբեջանը ոչ միայն ուղղակի ոտնահարում է մարդու իրավունքները և հումանիտար նորմերը, այլ ուղղակի հակադրվում է դրանց »,-ասաց Ալավերդյանը:
Իրավապաշտպանի գնահատմամբ՝ սա նաև շատ մեծ հարված է Հայաստանի իմիջին, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանության բոլոր միջազգային ինստիտուտները խորը հարգանքով են վերաբերվում թե՛ Արման Թաթոյանին, թե այդ հաստատությանը Հայաստանում և այն համարվում է օրինական հաստատություններից մեկը Հայաստանում:
Զրուցակցի դիտարկմամբ՝ ԱԺ նախագահի այս հայտարարությունը կարող է օգտագործվել Ադրբեջանի կողմից.
«Եթե բարձրաստիճան պաշտոնյան կասկածի տակ է դնում ՄԻՊ-ի զեկույցը, որն ամբողջովին հիմնված է պրոֆեսիոնալ փաստահավաք աշխատանքի վրա, ապա դա կարող է շատ վատ արձագանք ստանալ այլ պետությունների կողմից, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից, որը կարող է ԱԺ նախագահի այդ արտահայտությունը «մատի փաթաթան» դարձնել »,-ասել է Լարիսա Ալավերդյանը:
Հարցին՝ թե սա կարո՞ղ է խոչընդոտել գերիների վերադարձի գործընթացին այն առումով, որ միջազգային կառույցները կարող են հիմք վերցնել Ալեն Սիմոնյանի հայտարարությունը և արժանահավատ չհամարեն գերիների խոշտանգումների մասին փաստերը, իրավապաշտպանը քիչ հավանական համարեց և ընդգծեց, որ միջազգային կազմակերպությունները նույնպես այդ տեղեկությունները հավաքում են իրենց մոտ, քանի Արման Թաթոյանի զեկույցում ներկայացված փաստերը տեղադրված են սոցցանցերում, հենց սրանով է Ադրբեջանը հակադրվում միջազգային մարդասիրական նորմերին.
«Միջազգային պատկան կազմակերպությունները հալած յուղի տեղ չեն ընդունելու Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, ես չեմ կարծում, որ սա կարող է խոչընդոտել գերիների վերադարձին: Այդ նյութերը տարածել է հենց Ադրբեջանը, այնպես չէ, որ դա իրենք գաղտի են պահել և հայկական կողմն է ինչ-ինչ ճանապարհներով հայթայթել դրանք, ուստի այս փաստարկը չէ, որ կարող է խոչընդոտել գերիների վերադարձին: Այստեղ գնում է գործարք,ես ասել եմ, որ չի լինելու որևէ գերու վերադարձ՝ առանց հերթական հանցագործության ՀՀ իշխանությունների կողմից: Ադրբեջանի իշխանությունը մշտապես գերիների վերադարձի համար նոր պահանջներ է ներկայացնելու, համոզված լինելով, որ ՀՀ իշխանությունները դրանք իրականցնելու են »,-ասել է Լարիսա Ալավերդյանը: