«Տպավորված եմ Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդի կողմից մեր հանդեպ այդքան ջերմ վերաբերմունքից։

Շնորհակալ եմ նախագահ Իբրահիմ Ռաիսիին եւ տիկին Ջամիլե Սադաթ Ալամօլհոդային «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը» կազմակերպելու եւ Թեհրանում հյուրընկալելու համար։

Մեզ համար պատիվ է «Ազդեցիկ կանանց միջազգային երկրորդ համագումարը» Հայաստանում անցկացնելը»,-գրել է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, որը երկու ավագ դստրերի հետ Իրանում էր՝ մասնակցլու «Ազդեցիկ կանանց միջազգային համագումարին»։

Նա լուսանկարներ է հրապարակել իրանյան շրջագայությունից, նաև տեղադրել իր ելույթի տեսագրությունը՝ համագումարի ժամանակ։

Աննա Հակոբյանն ասել է.
«Այժմ, երբ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող կյանքի ճանապարհը փակված է Ադրբեջանի կողմից, երբ իմ 120 հազար հայրենակիցներ, գտնվելով լիակատար շրջափակման մեջ, երազում են բաղձալի խաղաղության մասին, կրկին ուզում եմ միասնականության կոչով դիմել Ձեզ:
Սիրելի՛ տիկնայք,
Եկեք հանուն խաղաղության վեհ նպատակի մեկտեղենք մեր ջանքերը, որոնք վստահաբար կլռեցնեն բոլոր արկերն ու թնդանոթները, փամփուշտներն ու զենքերը: Խաղաղությունը վերացական գաղափար չէ և հնարավոր է այնտեղ, որտեղ դրան հավատում են»։
Խոսելով արցախցիների շրջափակման մասին՝ Աննա Հակոբյանը պետք է որ լավ պատկերացնի, թե սննդի ինչ սուղ պայմաններում են ապրում այսօր արցախցիները։ Ու արցախյան իրականությանը զուգահեռ՝ նա տեղադրել է իր ու դստրերի ճաշակած համադամ կերակուրների լուսանկարները։
Մշտաժպիտ ու հրճվալից տրամադրությամբ տիկնոջը դժվար թե հուզի, որ այսօր հրդեհի մատնված 15 զինվորների հուղարկավորությունն էր։