Արցախում կեսգիշեր էր: Մենք վերադառնում էինք դարաններից, երբ Մաճկալաշենի կամրջի վրա խավարի միջից հայտնվեց վիթխարի հասակով մի կին: Նրա մի ձեռքին փոցխն էր, մյուս ձեռքին՝ թուրը: Կնոջ ետևից գնում էին եղաններով զինված չորս-հինգ կին: Նրանք քայլում էին անխոս, հայացքները հառած առջևից գնացող հսկային: Ոչ ձայն, ոչ շշուկ, ոչ աջ կամ ձախ նայել: Կին հսկան քայլում էր գլուխը բարձր, առանց նայելու աջ և ձախ:
Քիչ հետո սկսեցին հայտնվել նորանոր կանայք: Նրանք իջնում էին ծառերից, տների տանիքներից, բարձրանում էին թփերի միջից, հայտնվում էին այգիների մութ հատվածներից և ցանկապատերի տակից: Նույնիսկ այնտեղ, որտեղ թաքստոց չկար, կանայք կային՝ պառկած գետնին: Նրանք քսան-քսանհինգ տերեկանից մինչև հիսուն տարեկան էին: Չամուսնացած աղջիկներ չկային:
Կանայք զինված էին: Մեկի ձեռքին դաշույն էր, մեկի ձեռքին՝ կացին, մեկի ձեռքին՝ ցաքատ, մեկի ձեռքին՝ մահակ, մեկի ձեռքին՝ գերանդի, մեկի ձեռքին՝ շամփուր: Իրենց պարզունակ զենքերի հետ նրանք կրում էին աշխարհի սարսափը՝ «Մոլոտովի Կոկտեյլը». այն զենքը, որը մի հարվածով մի տանկ է ոչնչացնում:
Մեր աչքի առաջ կանանց զորագունդ էր` թվով քառասուն-հիսուն հոգի: Նրանք անցնում էին մեր կողքով, քարացած դեմքերով, առանց շուրջը նայելու: Համակ լռություն էր: նրանց դեմքները ահեղ տեսք ունեին, այնպիսի տեսք, ինչպիսին ունենւմ է զինված մայրը, երբ թշնամին ուզում է սպանել նրա զավակին: Նրանք Մաճկալաշենի մայրերն էին, ու թուրքը նրանց տունն էր հասել:
Զորագունդն անցավ: Մենք կարկամած կանգած նրանց էինք նայում: Կին հսկան սկսեց բարձրանալ դիմացի բլուրը: Նրա ետևից շարվեշարան բարձրանում էին մյուս կանայք: Ինձ թվում էր, թե նրանք բարձրանալու են բլրի գագաթը, հետո գնալու են ավելի վեր, հասնելու են լեռների կատարներին, սուզվելու են ամպերի մեջ, հասնելու են երկնքին և դառնալու են մի մեծ աստղաբույլ:
Կանգնել ու մտածում էի: Ինձ թվում էր՝ անցել են շատ հազարամյակներ, մարդիկ նայում են աստղաբույլին ու հարցնում.
-Այս ի՞նչ ասղտղաբույլ է:
Ու ես հպարտ պատասխանում եմ.
-Մաճկալաշենի հարսներն են: Նրանք երկինք բարձրացան և դարձան հրեղեն աստղեր: