Բրիտանական The Financial Times-ն անդրադարձել է Ադրբեջանում սպասվող COP29-ին՝ նշելով, որ այն այս տարի անցկացվում է նավթային պետությունում:
Մասնավորապես՝ աղբյուրը գրել է. «Հաջորդ ամիս Ադրբեջանի կողմից COP29-ի հյուրընկալումը նշանակում է, որ կլիմայի համաժողովն անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ ավտորիտար պետությունում, որը կասկածելի է մարդու իրավունքների ոլորտում, իսկ երկրորդ տարին` նավթային պետությունում:
Եգիպտոսից և Արաբական Միացյալ Էմիրություններից հետո Ադրբեջանը, որտեղ ինքնակալ Իլհամ Ալիևը փոխարինեց իր հորը նախագահի պաշտոնում 2003 թվականին, նույնպես, թվում է, հույս ունի, որ միջոցառման կազմակերպումը կարող է կանաչապատել իր հեղինակությունը»։
Բացի այդ՝ The Financial Times-ը նշել է. «Ադրբեջանը որոշեց ուժով լուծել հարևան Հայաստանի հետ երեք տասնամյակ տևած տարածքային վեճը: Ադրբեջանական զորքերը կայծակնային հարվածով գրավել են հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը։ Ողջ հայ բնակչությունը, որը կազմում էր ավելի քան 100 000 մարդ, վտարվեց։ Առնվազն 23 հայ քաղաքական բանտարկյալներ դեռ պահվում են Ադրբեջանում:
Ադրբեջանը, որը խոստացել է «խաղաղության գագաթնաժողով» անցկացնել, պետք է համապատասխանի այդ ոգուն՝ նախքան դրա մեկնարկը ստորագրելով Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր: Միջազգային հանրությունը պետք է օգտվի առիթից՝ ճնշում գործադրելու Բաքվի վրա»։