ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության՝ մարտի 9-ի նիստին դարձյալ հայտարարեց, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության պայմանագրին ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն։
Նա անդրադարձավ մարտի 5-ին ադրբեջանական կողմի իրականացրած ահաբերկչական գործողությանը։
«Մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ էր հետապնդում:
Առաջինը ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումը 7 նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծելն է: ԼՂ ԱԳՆ-ն երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ արտահայտելով պատրաստակամություն՝ շարունակելու խոսակցությունը Ադրբեջանի հետ, և սա չափազանց կարեւոր հայտարարություն է:
Կարծում եմ՝ անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան, ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա, և սա վերը հիշատակված միջազգային պայմանավորվածության իրացման արդյունավետ երաշխիք կարող է դառնալ:
Մարտի 5-ի սադրանքի հաջորդ նպատակն էր ստեղծել կեղծ ապացույցներ, թե Հայաստանից ԼՂ զենք, զինամթերք է տեղափոխվում: Այս թեման Ադրբեջանի համար կարևոր է հատկապես Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշումից հետո, երբ դատարանը միանշանակ ու աներկբա մերժեց Հայաստանի նկատմամբ ժամանակավոր կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրում էր ականապատումներ իրականացնելու մեջ: Այդ մերժմամբ արդեն մի քանի ամիս միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքները ականապատումների մասին փլուզվեցին: Սա չափազանց կարեւոր էր»,- մարտի 9-ի Կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանը փորձում է մարտի 5-ի միջադեպը ներկայացնել որպես ՀՀ-ից ԼՂ զենք-զինամթերք տեղափոխելու ապացույց, ինչը չստացվեց երկու պատճառով: Նախ՝ ոստիկանության ՈՒԱԶ-ը ոչ թե գնում էր դեպի Ստեփանակերտ, այլ Ստեփանակերտից էր դուրս եկել. երկրորդ՝ Ադրբեջանի հարձակումը և նաեւ ՈՒԱԶ-ի հետագիծը Ստեփանակերտից մինչեւ դեպքի վայր, նկարահանվել էր ԼՂ ՆԳ նախարարության տեսախիցիկների կողմից, ինչից ակնհայտ էր դառնում, որ ոստիկանական ավտոմեքենայում բացի փաստաթղթերից ու տաբելային զենքերից, որեւէ այլ բան չի եղել:
Ադրբեջանն արդեն 15 օր է՝ չի կատարում Հաագայի դատարանի որոշումը և իր մեղքը փորձում է լվալ իբր հայկական կողմի անթույլատրելի գործողություններով՝ «Հայաստանից Արցախ զենք-զինամթերք տեղափոխելու պատճառով»։
«Այս ամենի ընդգծումով ավելի ու ավելի հրատապ է դառնում ԼՂ եւ Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը եւ ԼՂ-ի ժողովրդին էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկելու՝ Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, որոնք արտահայտվում են միջազգային դատարանների որոշումները չկատարելով, Լաչինի միջանցքը փակ պահելով, ռազմական սադրանքներ եւ ահաբեկչական գործողություններ ձեռնարկելով»,-հայտարարեց Փաշինյանը: