ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցում արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե TRIPP նախագծում ԱՄՆ-ը տնտեսական շահ չունի։
Հիշեցնենք, որ Քոչարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի շահը TRIPP-ում տնտեսական չէ, այլ Իրանի նկատմամբ վերահսկողություն սահմանելն է՝ միաժամանակ շեշտելով, որ TRIPP-ում հարյուր միլիոնավոր կամ միլիարդավոր դոլարի ներդրումների մասին խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում։
Փաշինյանն ընդգծեց՝ TRIPP-ը առաջին հերթին հենց ներդրումային ու տնտեսական նախագիծ է։
«Այդ նախագծով բազմամիլիոն, հարյուրավոր միլիոնների ներդրումներ են լինելու Հայաստանում։ TRIPP-ը ներդրումային խոշոր ծրագիր է, որը, իհարկե, անվտանգային խոշոր երաշխիքներ է բերելու իր հետ»,- ասաց նա։
Անդրադառնալով TRIPP-ում ԱՄՆ-ի կողմից տնտեսական շահ չունենալու մասին ՀՀ երկրորդ նախագահի պնդումներին՝ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց՝ ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ի նման պետությունը, որն ամբողջությամբ կառուցված է տնտեսական տրամաբանության վրա, տնտեսական շահ չունենալ։
«Դուք չե՞ք հետևում նախագահ Թրամփի վարած քաղաքականությանը։ Նրա բոլոր որոշումները ունեն տնտեսական հիմնավորում, որովհետև Միացյալ Նահանգների տնտեսական զարգացումը, բարեկեցությունը և, իհարկե, սրա համար անհրաժեշտ անվտանգությունը առաջնահերթություն են նախագահ Թրամփի համար, ինչպես բոլոր երկրների ղեկավարների համար, համենայնդեպս, նրանց համար, որոնք առաջնորդվում են սեփական երկրի շահերով»,- նշեց Փաշինյանը։





