Թուրքիայի նախագահ Էրդողանը հոխորտանքներով և սանձարձակ հայտարարություններով, հասցեագրված Եվրոպական միության առաջնակարգ երկրների, Իսրայելի, ինչու չէ նաև Սիրիայի ու Եգիպտոսի ղեկավարներին, մշտապես եղել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Նա իր սովորույթից չի հրաժարվել, սակայն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Ջոզեֆ Բայդենի հայտնվելուց հետո անհամեմատ լրջացել է: Օր. հուլիսի 15-ին, 2016-ին տեղի ունեցած հեղաշրջման անհաջող և ավելի քան տարօրինակ փորձի տարելիցին, Թուրքիայի ազգային մեծ ժողովի հանդիսավոր նիստում Էրդողանը երկարաշունչ ելույթ ունեցավ, բայց զերծ մնաց այդ փորձի համար ԱՄՆ-ին մեղադրելու գայթակղությունից: Մինչդեռ հեղաշրջման օրերին անընդհատ ասում էր, թե ամերիկացիների մատը խառն է: Մեկ էլ, ի պատասխան լրագրողների հարցին, մատնանշում, որ հեղաշրջման մասին դրա ինքը իմացել է ձեռնարկումից 4 ժամ հետո միայն, այն էլ քրոջ ամուսնուց:
Ի տարբերություն Էրդողանի միջազգային լրատվամիջոցները մեծ տեղ հատկացրին հեղաշրջման փորձի տարելիցին, տալով միաժամանակ Էրդողանի բնութագիրը: Դրանցից, թերևս կարելի առանձնացնել “Reuters”-ին: Այս գործակալությունը, ինչպես հուլիսի 15-ին վկայում է “Timeturk.com”-ը, նշել է, որ հեղաշրջման անհաջող փորձից անցել է 5 տարի, որպեսզի Էրդողանը կարողանա իշխել ևս 10 տարի, պետք է աճի վերածի 2013-ին ի հայտ եկած տնտեսական անկումը: Reuters”-ը մատնացույց է արել երկրում բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի աննախադեպ վատթարացումը, թուրքական լիրայի կտրուկ արժեզրկումը և անտանելի չափերի հասանող գնաճը, հանգելով Թուրքիայում Էրդողանի ժողովրդականության հետևողական անկման եզրակացության:
Գործակալությունը, նշելով երկրում առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում պարենային, 20 % -ի հասնող գնաճի մասին, գրել է, որ Համաշխարհային բանկի տվյալներով անցյալ տարի Թուրքիայում 1.5 մլն. ավելի մարդ ապրել է չքավորության շեմից էլ ցածր կենսապայմաններում, ինչը 2023-ին նախատեսվող ընտրություններում խիստ սահմանափակում է Էրդողանի վերընտրվելու հնարավորությունները:
Հ. Չաքրյան









