Հակաահաբեկչական գործողությունից հետո որոշ արևմտյան երկրներ անհիմն մեղադրանքներ են հնչեցրել Ադրբեջանի հասցեին։ Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մեզ առաջադրված այս մեղադրանքները ոչ մի հիմք չունեն, որովհետև Ադրբեջանը, իր ինքնիշխան տարածքում հակաահաբեկչական գործողություն իրականացնելով անջատողականների և օկուպանտների դեմ՝ ապահովեց միջազգային իրավունքի գերակայությունը և միևնույն ժամանակ վերականգնեց իր ինքնիշխանությունը՝ պահպանելով մարդասիրական բոլոր նորմերը», – պնդել է Ալիևը։
Նշելով, որ որոշ արևմտյան երկրներ և ավանդաբար Ֆրանսիան չեն պատրաստվում համակերպվել դրա հետ, Ալիևն ասել է. «Չնայած միջազգային հանրությունն արդեն տեսնում է, որ նույնիսկ Հայաստանն է հաշտվել այս իրավիճակի հետ, և COP29 համաժողովի անցկացումը ևս մեկ անգամ ցույց է տալիս դա։ Այնուամենայնիվ, Ֆրանսիայի որոշ քաղաքական առաջնորդներ փորձում են ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը։ Բայց նրանք էլ են ստիպված լինելու հաշտվել այս իրավիճակի հետ»։