Մենք ցանկանում ենք, որ խաղաղության պայմանագիր կնքվի Ադրբեջանի և Հայաստանի միջև. միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ճեպազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Ղարաբաղի օկուպացիայի ավարտից հետո պատմական հնարավորությունների պատուհան է բացվել տարածաշրջանում կայուն խաղաղության, կայունության և բարգավաճման համար: Այս գործընթացում մենք ուս ուսի քայլում ենք Ադրբեջանի հետ»,- ասել է թուրք պաշտոնյան։
Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղ համաձայնագրի մնացած կետերը։
Ֆիդանի խոսքով՝ «Ղարաբաղի օկուպացիայի դադարեցումը տարածաշրջանում կայուն խաղաղության ճանապարհին գլխավոր հանգրվան է»։
Թուրք նախարարը հավելել է, որ Հարավային Կովկասում ստեղծված անկայուն իրավիճակը ոչ մեկին ձեռնտու չէ. «Ադրբեջանի նախագահ Ալիևը քայլեր է ձեռնարկում թե՛ տարածաշրջանը, թե՛ Ադրբեջանը զարգացնելու ուղղությամբ»։