Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն իր թվիթերյան էջում պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գրում է APA-ն:
«Որևէ պատճառ չկա, որ Ադրբեջանի Սահմանադրությունն իբր տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ, ինչպես երեկ խորհրդարանում նշեց Փաշինյանը։ Դրանով Նիկոլ Փաշինյանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը», ասլ է Հաջիզադենն:
Նշենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել էր, թե ինչու Հայաստանը չի բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը։
«Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում հղում կա 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված սահմանադրական ակտին։ Այս ակտն իր հերթին վերաբերում է 1918 թվականի մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին հանրապետության անկախության հռչակագրին։ Ադրբեջանի առաջին հանրապետության հռչակագրում, իր հերթին, նշվում էր, որ այն ներառում է Արևելյան և Հարավային Անդրկովկասը։ 1919 թվականի նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին ներկայացրեց իր վարչատարածքային քարտեզը, ըստ որի Ադրբեջանը ներառում էր Հայաստան ամբողջ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը. ինչպես նաև Հայաստանի մասամբ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի տարածքները։ Շիրակի, Լոռու մարզերը: Սա այսօրվա Հայաստանի տարածքի մոտ 60 տոկոսն է։
Ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ»,- հայտարարել է Փաշինյանը։