Թուրքիան ցանկանում է Անկարայում և Երեւանում հանդիպումներ անցկացնել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար. TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Առաջին հանդիպումը, ինչպես գիտեք, Մոսկվայում էր, երկրորդը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։ Մենք ցանկանում ենք հանդիպումներ անցկացնել Անկարայում և Երևանում, սակայն հայկական կողմն ընտրել է երրորդ երկիր։ Ոչինչ, գլխավորն այն է, որ գործընթացն ընթանում է»,- ասել է Չավուշօղլուն։
Միաժամանակ, Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ «Հայաստանը պետք է օգտվի առիթից և վերանայի իր դիրքորոշումները»։ Նա հավելել է, որ Թուրքիան Բաքվի հետ ամեն փուլում քննարկում է Հայաստանի վերաբերյալ քայլերը։
«Ադրբեջանը նույնպես հանդես է գալիս Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության օգտին: Մենք միամիտ չենք. Միաժամանակ մենք գիտակցում ենք վճռական քայլերի անհրաժեշտությունը»,- ասել է Չավուշօղլուն։