ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց ուղղեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին ոստիկանների գործողությունների վերաբերյալ։
«Արդեն մի քանի տարի է ունենք իրավիճակ՝ ոստիկանության վայրագությունների հետ կապված, երբ մարդկանց ուղղակի ծեծում են տեսախցիկների առջև, խոսքը միայն իմ վերջին դեպքի մասին չէ։
Մենք անցած տարի ունեցանք նման դեպքեր։ Հետո ոստիկանները սուտ ցուցմունք են տալիս, իբր իրենց հարվածել են, քանիսը ես անձամբ գիտեմ։ Հետո առաջադրվում են մեղադրանքներ, ՔԿ-ն անում է իր գործը, տանում են դատարան, դե դատարանն էլ բնականաբար կալանք է տալիս, եզակի դեպքեր են լինում, երբ դատավորն ունենում է խիզախությոնւ, դա տեղի չի ունենում։ Այս վիճակը մինչև ե՞րբ է շարունակվելու»,- ասաց Քոչարյանը։
Ի պատասխան Ներքին գործերի նախարարը ասաց․
«Պարո՛ն Քոչարյան, երկար ժամանակ աշխատելով ոստիկանությունում՝ այս ամբիոնից պաշտոնապես ուզում եմ հայտարարեմ, որ նման գրագետ, համբերատար ձևով ոստիկանությունը չի ծառայել, ինչպիսին որ հիմա է ծառայում։
Ինչ վերաբերվում է Ձեր դեպքին․ դուք լավ տեղյակ եք, որ կա քրեական վարույթ, կա ծառայողական քննություն, որը կասեցված է մինչև քրեական վարույթի ավարտը։ Ոստիկանությունը 2020 թվականից մինչև օրս աշխատել է 24-ժամյա ռեժիմով և արդյունքում ունենք այս պատկերը։
Թույլ չենք տա, որ որևէ մեկը փորձի կատարել այն արարքը, որ եղել է նախկինում։ Ոստիկանությունը երբևէ նման պահվածք չի ունեցել։ Ինչ վերաբերում է մարդկանց ուղղորդելուն, ես Ձեզ վստահեցնում եմ՝ նման բան չկա և չի էլ կարող լինել»։