«Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հաջող են զարգանում մեծ հաշվով մեր երկու երկրների ղեկավարների ճիգերի շնորհիվ», – ասել է Ռուսաստանի Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Ռուսական պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան, որպեսզի մեկնարկ տրվի 2022 թվականի փետրվարի 22 – ին Պուտինի և Ալիևի կողմից ստորագրված Ռուսաստանի և Ադրբեջանի միջև Դաշնակցային համագործակցության հռչակագիրը երկրների օրենսդրության հետ համաձայնեցնելու գործընթացին։
Ինչպես հաղորդում է Պետդումայի մամլո բաժինը, Վյաչեսլավ Վոլոդինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջյուններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Իլհամ Ալիևին։

Վոլոդինը կարևորել է Պետդումայի և Միլի Մեջլիսի համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը, որպեսզի երկու երկրների միջև Դաշնային համագործակցության հռչակագրի իրագործումն ապահովվի օրենսդրորեն։ «Կփնտրենք նոր ձևաչափեր, որպեսզի առաջարկենք երկու երկրների համար ռազմավարական խնդիրների լուծումներ», – ասել է Վոլոդինը՝ շեշտելով միջխորհրդարանական երկխոսության անհրաժեշտությունը։ Ադրբեջանի նախագահն իր հերթին հույս է հայտնել, որ միջխորհրդարանական հարաբերությունները ՌԴ-ի հետ, այդ թվում՝ միջազգային հարթակներում, կլինեն շարունակական։

Դաշնային համագործակցության, կամ Մոսկվայի հռչակագիրը կնքվել է Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից, Մոսկվայում, այն նույն օրը, երբ Ռուսաստանը սկսեց Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը։ Հռչակագրով Ռուսաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են հարգել միմյանց անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը։ Այսինքն փաստաթուղթը պարտավորեցնում է երկու երկրներին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Բաքվի համար դա նշանակում է, որ Մոսկվան Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի տարածք։ Նախկինում Ռուսաստանը պաշտոնապես չէր հայտարարել այդ մասին։ Ավելին, ըստ այդ Հռչակագրի, Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ռազմական աջակցություն ցուցաբերել միմյանց և անհապաղ խորհրդակցություններ ունենալ, եթե որևիցե կողմի անվտանգությանը դրսից սպառնալիք լինի։
Սակայն Հռչակագրի օրենսդրական մասը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով դեռ չի ապահովվել։ Այդ բացը լրացնելու համար է Մոսկվան Վոլոդինի գլխավորությամբ պատվիրակություն գործուղել Բաքու։
Նարինե Կիրակոսյան