Ղարաբաղում ռազմագերիների հարցը բարձրացվել է եւ կբարձրացվի հայ եւ ադրբեջանցի պատգամավորների հետ շփումների ընթացքում: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, հաղորդում է Sputnik-Արմենիան:
Նրա խոսքով՝ այժմ անհրաժեշտ է խուսափել լարվածության ցանկացած կետերից: «Մենք պետք է հասկանանք, որ այժմ ցանկացած շփում, հատկապես զինված ուժերի միջեւ, հղի է արյունով եւ դաժան առճակատմամբ: Ուստի այստեղ պետք է խոսել ոչ թե կալանքի, այլ արյունահեղությունը կանխելու մասին»,- ասել է նա: Ռուսաստանը, ըստ պատգամավորի, հանդես է գալիս որպես միջնորդ ու խաղաղարար՝ նման խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար:
Պուտինի դերի մասին
Ռուսաստանի նախագահի գործողությունները, ուղղված Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելուն, կներառվեն սառեցված հակամարտությունների կարգավորման քրիստոմատիայում, ասել է նա:
Պետդումայի պատգամավորը կարծում է, որ վերջին պատերազմից հետո Ղարաբաղում հետագա գործողությունները պետք է ուղղվեն տնտեսության վերականգնմանը։ Եւ սա ծայրահեղ բարֆ խնդիր է։
Ռուս պատգամավորներն, իրենց հերթին, միշտ կապի մեջ են եղել եւ այժմ էլ կապի մեջ են իրենց հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ։ Խորհրդարանականներն, ընդ որում, չեն անտեսել այնպիսի նուրբ եւ բարդ գործը, ինչպիսին ղարաբաղյան հակամարտությունն է, ընդգծել է նա։
Ղարսում թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին
Ղարսում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացման մեջ Սլուցկին սպառնալիք չի տեսնում Հայաստանի կամ Ռուսաստանի համար: «Մութ սենյակում պետք չէ սեւ կատու փնտրել, մանավանդ եթե նա այնտեղ չէ: Թուրքիան եւ Ադրբեջանը վաղուց զբաղվում են ռազմական ոլորտում բազմաբնույթ համագործակցությամբ: Այս վարժանքներն առաջինը չեն»,- նշել է նա:
Սլուցկին նաեւ սխալ է համարում Հայաստանը որպես հետագա համատեղ գործողությունների թիրախ դիտարկելը: «Սա մասամբ արեւմտյան կողմից ներդրված դիրքորոշում է: Ես լուրջ սպառնալիքներ այստեղ չեմ տեսնում մինչեւ այն պահը, երբ Հայաստանի աշխարհաքաղաքական հակառակորդները անցնեն կարմիր գծերը: Բայց այդպիսի բան չի երեւում։ Ռուսաստանը կպահի իրավիճակը մշտական վերահսկողության տակ՝ մշտական կապի մեջ լինելով տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ», – հավելել է նա:
News.am