Թուրքիան քննարկում է Իրանի սահմանին «հատուկ բուֆերային գոտի» ստեղծելու տարբերակը՝ հնարավոր փախստականների հոսքը վերահսկելու համար։
Թուրքական իշխանություններին մոտ կանգնած լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիան պատրաստում է սահմանային գործողությունների պլան, որի շրջանակում Իրանի ներսում հնարավոր անկայունության կամ պատերազմի դեպքում կարող է փորձ արվել ստեղծել սահմանային «բուֆերային (հատուկ) գոտի»։ Ըստ հրապարակումների՝ այդ սցենարի հիմնական նպատակն այն է, որ միգրանտների և փախստականների հնարավոր հոսքը «որքան հնարավոր է՝ մնա Իրանի տարածքում», և չփոխանցվի Թուրքիայի տարածք։
Նշվում է, որ Թուրքիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչները հարցի վերաբերյալ տեղեկացրել են Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին՝ ոչ հրապարակային (փակ) հանդիպման ընթացքում։ Այդ հանդիպմանը, ըստ աղբյուրների, ներկայացվել են հնարավոր զարգացումների համար նախապատրաստված երեք առանձին սցենարներ՝ «A, B և C ծրագրեր», սակայն դրանց բովանդակության մանրամասները չեն հրապարակվել։
Լրատվական աղբյուրները շեշտում են, որ ներկայացված մոտեցումը կապվում է նաև տարածաշրջանային ավելի լայն գործընթացների հետ․ Թուրքիայի ԱԳ նախարարության զեկույցում հիշատակվել են նաև Սիրիայի ուղղությամբ զարգացումները՝ ընդգծելով, որ Անկարան նախկինում արդեն իրականացրել է սահմանային «բուֆերային գոտու» քաղաքականություն Սիրիայի հետ սահմանին։
Միաժամանակ, տարբեր հրապարակումներ նշում են, որ Թուրքիան վերջին շրջանում կրկին ակտիվացրել է Իրանի հետ սահմանի անվտանգության թեման, ընդգծելով՝ ցանկացած սրացում կարող է բերել նոր միգրացիոն ճնշման։
«Փակագիծ» վերլուծական հարթակ





