Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու որոշմանը։
«Առանց որոշման, Ադրբեջանի համաձայնության, նման որոշման ընդունումը հակասում է ԵԱՀԿ-ի աշխատանքի սկզբունքներին։ Պետք չէ նման ինքնաբուխ որոշումներ կայացնել»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ դա դիտարկում է որպես անձնական որոշում։
«Դա ԵԱՀԿ առաքելությունը չէ, քանի որ ԵԱՀԿ-ում որոշումների կայացման ուղիներն ու մեխանիզմները հայտնի են։ Նման որոշումների դեպքում այդ հարցը չի կարող լուծվել։ Այսինքն, եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն, այստեղ պետք է լինեն անկեղծ քայլեր, ինչպես նաև աջակցություն միջազգային կազմակերպությունների կողմից»,-ասել է նա։
Նույն հարցի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ տվյալ անվան ներքո հանդես եկող որեւէ խումբ չի ունենալու ԵԱՀԿ մանդատ եւ որեւէ կերպ կապված չի լինելու ԵԱՀԿ-ի հետ եւ վերջինիս ընդունած զեկույցներն էլ չեն համարվելու ԵԱՀԿ փաստաթղթեր։
Ադրբեջանը պնդում է, որ երբեք նման առաքելության ուղարկման հարց չի քննարկվել ԵԱՀԿ որոշումների կայացման որեւէ կոլեկտիվ մարմնում: