Մարտի 11-ին Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել էր, որ խստորեն դատապարտում է Լոս Անջելեսի նահանգի Գերագույն դատարանի որոշումը Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանի «մարդասպանի» ազատ արձակումը. հաղորդում է Sabah-ը:
«Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել հայ ահաբեկիչ Համբիգ Սասունյանին, ով սպանել էր Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանին, իսկ Կալիֆոռնիայի նահանգապետ Քևին Նյուսոմը հայտարարել է, որ չի բողոքարկի այդ որոշումը: Մենք խստորեն դատապարտում ենք այս մոտեցումը, որը խորապես վիրավորում է թուրք ազգի պատիվը», – ասել է Թուրքիայի արտգործնախարարությունը:
Հայտարարության մեջ շեշտվում է, որ որոշումը չի վերանայվել՝ չնայած դրան կանխելու ԱՄՆ վարչակազմի բոլոր փորձերին: Թուրքիայի արտգործնախարարությունը շեշտել է, որ այս որոշումն անհամատեղելի է իրավունքի համընդհանուր սկզբունքների կամ արդարադատության ըմբռնման հետ:
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի դատարանի որոշմամբ 39 տարի բանտում գտնված Սասունյանը ազատ կարձակվի։