Թուրքիայի արտգործնախարարությունն այսօր դատապարտել է Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որով կոչ է արվում երկրի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
«Ֆրանսիայի Սենատի այս որոշումը հստակ ցույց է տալիս, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք պետք է չեզոքություն պահպանեն, մինչև հիմա չէին կարողացել լուծել այս հարցը:
Ֆրանսիայի Սենատի՝ օկուպացումից ազատած իր տարածքները լքելու Ադրբեջանին ուղղված կոչը անհեթեթ, կողմնակալ ըմբռնման դրսևորում է, փաստերից զուրկ, և դրան լուրջ վերաբերվել չի կարելի։
Մենք ցանկանում ենք, որ Ֆրանսիան այժմ կառուցողական դիրքորոշում ընդունի տարածաշրջանի կայունացման նպատակով՝ ճիշտ եզրակացություններ անելով», ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: